Մարդկանց ու նրանց օրգանների վաճառքը՝ ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում
Լիբիայում էմիգրանտների՝ ստրկության համար վաճառքի դեպքերի մասին լուրերին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, նա նշել է՝ հրապարակումները վկայում են այն մասին, որ հակամարտությունների զոհերն առավել հաճախ են հայտնվում մարդկանց առևտրով զբաղվողների թակարդում:
Նրանք ենթարկվում են սեռական շահագործման, նրանց օգտագործում են որպես ստրուկ, վաճառում ներքին օրգանները: Խնդիրը քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Գլխավոր քարտուղարը ներկայացրել է այս թեմայով առաջին զեկույցը, որը պատրաստել է խորհրդի հանձնարարությամբ:
Գուտերեշը նշել է, որ այս հանցագործությունները հավասարզոր են մարդկության դեմ իրականացվող և ռազմական հանցագործություններին: Նա կոչ է արել պաշտպանել միգրանտներին ու պատասխանատվության ենթարկել մարդկանց առևտրով զբաղվողներին:
Նա նշել է, որ «Իսլամական պետություն», «Բոկո Հարամ», «Աշ-Շաբաբ» ու այլ ահաբեկչական կազմակերպությունների դաժանությունները սահման չեն ճանաչում:
«Կանայք ու երեխաները՝ ինչպես աղջիկներ, այնպես էլ տղաներ հայտնվում են ստրկության մեջ: Միջազգային հանրությունը պետք է վերջ տա այս չարիքին: Անհրաժեշտ է մեծացնել փախստականներին, միգրանտներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև օգնել Լիբիայի իշխանություններին հարցը կարգավորելու համար»,-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում