Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
«Մայիսից բանակ զորակոչվող գիտնականների համար ի՞նչ պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք կարողանան զբաղվել կրթությամբ նաև բանակում»,- խորհրդարանում ընթացող քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը հարց ուղղեց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին։
Փոխնախարարը պատասխանեց, որ բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է։
«Դուք երևի ծառայության նկատմամբ ուրիշ պատկերացում ունեք՝ խրամատում, բլինդաժում, զորանոցում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել, բայց մենք քիչ թվով երիտասարդների մասին ենք խոսում և պատրաստ ենք նրանց համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ոչ թե, այսպես ասած, ջերմոցային պայմաններում անցնեն իրենց ծառայությունը, այլ գիտությամբ կարողանան զբաղվել, և վստահ եղեք նրանք շատ ավելի արդյունավետ են զբաղվելու գիտությամբ ու հետո շնորհակալ կլինեն դրա համար»,- նշեց Զաքարյանը։
Զաքարյանը նշեց, որ կան համապատասխան մեխանիզմներ, որոնց շրջանակում էլ կանցկացվի զորակոչը. «Այլընտրանքներ կառաջարկվեն, որպեսզի յուրաքանչյուրն իր ծառայությունն իր գիտելիքները ճիշտ օգտագործի։ Եթե գլխում մեծ գաղափարներ ունեցող ռադիոֆիզիկ երիտասարդին կանգնեցնենք շարքում, ասենք՝ հավսար-զգաստ, աջ-ձախ, ու երկու տարի անց նա կարողա վերադառնա ու ասի՝ լավ, էլ հավես չկա գիտությամբ զբաղվելու, որովհետև մոտիվացիա չկա գիտելիքները տուժել են, ճիշտ չի լինի»։
Գարիկ Պետրոսյանն արձագանքեց, որ չնայած ցանցային ադմինիստրատոր լինելու և խրամատում կանգնելու մեջ տարբերություն կա, բայց ադմինիստրատիվ աշխատանքից գիտությունը չի շահում. «Իմ հարցը հետևյալն է՝ արդյոք կոնկրետ գիտությամբ զբաղվելու համար ստեղծվա՞ծ են պայմաններ, թե՞ ոչ։ Լավ, ծրագրավորողների համար ստեղծված են պայմաններ, բայց օրինակ փիլիսոփաների ու հոգեբանների համար պայմաններ չկան, նրան զորակոչվելո՞ւ են բանակ, թե՞ ոչ»։
Փոխնախարարն ասեց, որ ինքնախաբեությամբ չպետք է զբաղվել և անկեղծ պետք է լինել. «Մեր նպատակը չի՝ տեսնել, թե ով ցանկություն ունի փիլիսոփայությամբ զբաղվել, սենյակ տանք, ասենք՝ նստի, դու վաղվանից փիլիսոփայությամբ կզբաղվես, բայց պետք է առանձին մտածել, թե ինչպես ներգրավել փիլիսոփաներին, որ փիլիսոփայությունը՝ որպես գիտության ուղղություն, չտուժի այն մարդկանց մոտ, ովքեր այդ ճանապարհին մեծ արդյունքների կարող են հասնել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
- Հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության և գիտության մեջ. Լևոն Մկրտչյան
- ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան