Պետք է առանձնացնել այն հուշարձանները, որոնք դիտարժան են զբոսաշրջիկի համար. Բորիս Գասպարյան
Հայաստանում գիտական զբոսաշրջության հսկայական ներուժ կա: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
«Մեր գիտական ոլորտը կարող է նաև հիմք ու ռեսուրս հանդիսանալ գիտական զբոսաշրջության զարգացման համար, այս հարցը պետք է երկու տեսանկյունից դիտարկենք: Զբոսաշրջիկներն այցելում են Հայաստան՝ գիտական նպատակներով՝ տարբեր գիտաժողովների, բացահայտումների, բացահայտված երևույթների ուսումնասիրության նպատակներով, մյուս կողմից՝ զբոսաշրջային արդյունքի ցանկացած տեսակի հիմնավորվածության խնդիր էլ է դրվում: Երբ մենք ունենում ենք որևէ երևույթի գիտական հիմնավորվածությունը, դա ունենում է այլ արժեք»,- ասաց նա:
Ապրեսյանը նշեց, որ Հայաստանի զբոսաշրջային արդյունքները պետք է ներկայացված լինեն թե ներքին, թե միջազգային շուկայում:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը նշեց, որ իրենք այս խնդրում կամա-ակամա ներգրավված են, որովհետև պեղումների ընթացքում գալիս են մարդիկ, նայում են, հետաքրքրվում, բայց գիտական տուրիզմը դա չէ, դրան պետք է պատրաստվել՝ ոլորտը զարգացնելու համար:
«Ես կարծում եմ՝ զուտ գիտական տուրիզմ չկա, դա պայմանական մի բան է, այստեղ պիտի գործի ամբողջ համակարգը, և այն հսկայական աշխատանքը, որ արվում է՝ երկրում այցելուների թիվն ավելացնեու համար, ամեն ինչ իրար հետ կապված է: Մյուս կողմից՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի՝ կազմելով հին աշխարհի մասը: Այստեղ խնդիրներ են լուծում, փոխում են մարդկահց պատկերացումները, նոր պատկերացումներ բերում, այստեղ կա մրցակցություն, որովհետև հին աշխարհի մաս են կազմում հարևան երկրները ևս»,- նշեց նա:
Գասպարյանն ընդգծեց, որ պարզապես հուշարձան պեղելը, գիտականորեն այն հիմնավորելը բավարար չէ, շղթայական աշխատանք է պետք. պեղումներն ավարտելուց հետո պետք է հանրահռչակել այդ հուշարձանը, ընդ որում՝ և երկրի ներսում, և դրսում: Զբոսաշրջիկների անվտանգության համար՝ նա կարևորեց նաև այդ հնավայրերի ենթակառուցվածքների ապահովման հարցը: Գասպարյանն ընդգծեց, որ պետք է նաև առանձնացնել այն հուշարձանները, որոնք դիտարժան են զբոսաշրջիկի համար:
Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը նշեց, որ իրեն մտահոգողը գիդերի՝ բավարար պատրաստվածություն չունենալն է՝ գիտական տուրիզմի ուղղությամբ աշխատելու համար, մինչդեռ այդ ընդգրկուն ոլորտում կարևոր է հասկանալ՝ որ ուղղության հետ ինչպես աշխատել: Կադրերի վերապատրաստման խնդրից բացի՝ Մինասյանը կարևորեց Հայաստանի ճիշտ գովազդումը՝ թիրախավորված երկրներում և աշխատանքը կոնկրետ երկրների ուղղությամբ: