Չորս ժամից ավելի տևած քննարկումն արդյունավետ էր և ստացված. Շարմազանով
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների 4 ժամից ավելի տևած քննարկումն արդյունավետ էր և ստացված: Այս մասին այսօր կլոր-սեղան քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ուսանողներին կառուցողական մոտեցման համար, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարին, պաշտպանության փոխնախարարին, պատգամավորներին, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում բարձրացված սուր հարցերը փորձել են շտկել և ուսանողների հետ միասին տարել են բացառապես կառուցողական դաշտ:
«Կարող եմ ասել, որ շատ լավատես եմ, նաև երջանիկ, քանի որ այն, ինչ նախատեսել էի ես իմ մտքում, կարծում եմ նաև Դավիթենք՝ ստացվեց: Մենք նախատեսել էինք իրականացնել առարկայական նորմալ կառուցողական քննարկում, առանց անձնական վիրավորանքների, առանց ավելորդ էմոցիաների: Կարծում եմ՝ ստացվեց»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ քննարկման արդյունքում հնարավոր եղավ մոտեցնել կողմերի տեսակետները: «Բազում էին օրինակները, երբ կառավարության ներկայացուցիչների և ուսանողության կարծիքները խնդրի լուծման առումով համընկնում էին: Բոլորս մեկ նպատակ ունենք՝ Հայաստանի Հանրապետության հզորացում, կրթության, գիտության զարգացում, պաշտպանական խնդիրների ավելի արդիական լուծում»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ: Ըստ նրա՝ երկու շաբաթվա ընթացքում ուսանողները բոլոր առաջարկությունները փաստաթղթավորված ներկայացնեն ԿԳՆ և ՊՆ:
«Եթե կոնկրետ իմ և ԱԺ ղեկավարության միջնորդության, օժանդակության կամ աշխատանքին միանալու կարիքը կլինի, մենք 24 ժամ պատրաստ ենք: Կարծում եմ, որ ԱԺ ղեկավարությունը կարողացավ բանակցությունների առաջին փուլը արդյունավետ ավարտել և հիմա անցնում ենք առարկայական քննարկումների, որպեսզի և Կառավարության որոշումներում, և ենթաօրենսդրական ակտերում կարողանանք անել փոփոխություններ, որոնք կբխեն կրթության և գիտության զարգացումից, ինչպես նաև անվտանգության ամրապնդումից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ երկու շաբաթ անց ուսանողների հետ կսկսվեն առաջարկությունների ուսումնասիրությունը:
Նշվեց նաև, որ աշխատանքային խումբը կստեղծվի ՊՆ-ի և ԿԳՆ-ին կից, որում անպայման կընդգրկվեն նաև ուսանողները:
Հարակից հրապարակումներ`
- Տարկետման հարցի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը կլինի երկու շաբաթից
- Ուսանողները խորհրդարանին ներկայացրեցին իրենց երկու առաջարկները
- Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
- «Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
- Հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության և գիտության մեջ. Լևոն Մկրտչյան
- ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան