Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի. Կարեն Կարապետյան
Կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության հասարակայության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է ուշադրություն դարձնել նաև կրթության բնագավառին՝ այդպիսով սեփական բիզնեսի համար պատրաստելով նաև բարձրակարգ կադրեր: Նա ավելացրել է, որ պետությունը շահագրգռված է բիզնեսի և կրթական համակարգի համագործակցությամբ և վստահություն է հայտնել, որ այն կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում առկա մեծ ներուժի իրացմանը:
«Կառավարության այսօրվա նիստում ևս մենք փոփոխություններ կատարեցինք հարկային ու մաքսային վարչարարությանը վերաբերող օրենքներում, որոնք արտասահմանյան ներդրողների համար կարևորագույն կարգավորումներ են նախատեսում: Համոզված ենք, որ այս փոփոխություններն ու կարգավորումները բիզնեսը լավագույնս զգալու է: Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի: Պետություն-մասնավոր հատված համագործակցության մասով ևս ծրագրում ենք նոր գործողություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Ժան Իվ Շարլիեն ևս կարևորել է կրթական ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ «ՎԵՈՆ»-ը պատրաստվում է շարունակել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով, արդեն իսկ պատրաստ են 2018 թվականի համար Հայաստանում նախատեսված միջոցառումները: