«Հայաստանի թվային օրակարգ 20-30» ռազմավարության մշակման աշխատանքներն ավարտվում են
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Թվային օրակարգի մշակման ընթացքի ու 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց:
Վարչապետը նշեց, որ ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 20-30» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները, ուստի անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման ու դրանց իրագործման աշխատանքները:
Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների բոլոր անդամներին հանձնարարեց եռօրյա ժամկետում կառավարություն ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունները:
Վարչապետը նաև հանձնարարեց երկու շաբաթում մշակել ու կառավարություն ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար:
«Մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ ոլորտներին՝ կառավարման փոխգործողության պլատֆորմի ու հանրային ծառայությունների կառավարման մեկ պատուհանի ներդրում, բնական ռեսուրսների ու հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական, մասնավորապես՝ սոցիալական , համայնքային ու այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում, տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն», - նշեց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ թվային միջավայրի ձևավորման շրջանակում համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումը պետք է իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ:
Կարեն Կարապետյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարեց առաջարկությունները ստանալուն պես ամփոփել ու մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել 2018-2020 թվականի թվայնացման գործողությունների ծրագիրը: