Մենք կարող ենք սնանկության տանել «Վինար»-ին, բայց փորձում ենք այլ միջոցներ գտնել. Իգնատի Առաքելյան
Գյուղատնտեսությունը սեզոնային բնույթ ունի, և ամսեամիս բերքատվությունը կարող է տարբեր լինել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսական ցուցանիշների վերաբերյալ վերջնական մեկնաբանությունը նա խոստացավ տալ իր տարեվերջի ասուլիսում, երբ արդեն կունենա հստակ պատկերը:
«Մենք ունեցանք ծանր չորային տարի, մեր դաշտավարությունը մեծ կորուստներ էր կրել, այսինքն՝ ցորենի-գարու ցանքատարածությունները: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրանց բերքահավաքն ավարտվել է, և դրանց ցուցանիշներն արդեն չեն ազդում գյուղատնտեսության ցուցանիշների վրա, հիմա գալիս են խնձորը, խաղողը, կարտոֆիլը: Խնձորի և խաղողի առումով մենք ունեցանք բերքատվության աճ, կարտոֆիլի համար դեռ ժամանակ կա, որ ամփոփենք, այսինքն՝ այս պահին կա աճող ցուցանիշների ազդեցություն, դրա համար ճիշտ կլինի, որ մենք տարեվերջին ամփոփենք»,- ասաց նա:
Առաքելյանը խոսեց արժույթի անկման և դրա հետևանքների մասին: Նա նշեց, որ տարածաշրջանում արդեն ստեղծվել են նոր պայմաններ, կուրսը ստաբիլացել է, մի քիչ վերականգնվել, բայց այնպես չէ, ինչպես նախկինում: Առաքելյանի խոսքով՝ պետք չէ նայել՝ ինչ կորուստներ են եղել, կան նոր աշխատանքային պայմաններ, հետևաբար շուկայի նոր մասնակիցները պետք է հարմարվեն այդ պայմաններին, վերաբաշխեն իրենց ծախսերն ու եկամուտները, ուստի արժույթի հարցը դեռ քննարկման թեմա չի կարող լինել:
Խոսելով «Վինար» ընկերության՝ քաղցրաշենցիներին մթերված խաղողի գումարների վճարման ներկա փուլի մասին, նախարարը հիշեցրեց, որ աջակցության խնդրանքով դիմել էին դատախազություն, ՊԵԿ, որ օրենքի սահմաններում ինչ հնարավոր էր՝ անեին, վերցնեին այդ հումքը, իրացնեին և վճարումը կատարեին: Նա նշեց, որ ընկերությունը 4 միլիոն դրամ պարտք էր մնացել, սակայն դեռ տեղեկություններ չունի՝ արդյո՞ք վճարել է այդ գումարը, թե՞ ոչ:
«Այս պահին՝ իմ տեղեկություններով ընկերությունը հումք չունի, հիմա համատեղ բոլոր պետական կառույցների հետ փորձում ենք հասկանալ՝ ոնց կարող ենք այդ հարցը լուծել, բայց դա բարդ է, այսօր կարող ենք իրավական լուծում տալ, «Վինարին» սնանկության տանել, և ինքն այլևս ոչ մի բան չվճարի գյուղացիներին, բայց փորձում ենք այլ կերպ միջոցներ գտնել՝ օրենքի սահմաններում գումարներ գտնել ու վճարել: Հարցն այլևս մեր ձեռքում չէ, մենք՝ որպես գյուղատնտեսության նախարարություն, այլևս հնարավորություններ չունենք, սակայն նրանք, ովքեր ունեն, աշխատում են»,- ասաց նա: