Նոր մոտեցումներ՝ ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով
Հավանություն է տրվել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Հիմնավորման համաձայն՝ օրինագծերի փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը տրվել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստին:
Հանձրարարվել էր քննարկել հարկային և մաքսային օրենսդրական դաշտի վերանայման այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ստվերային տնտեսությունները հարկային դաշտ բերելուն, սեփական եկամուտներն ավելացնելուն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում են նոր մոտեցումներ՝ տնտեսության մեջ առկա ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով:
Մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներից իրականացվող ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների տեղափոխումն իրականացնել ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերի կիրառությամբ:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է 2018 թ. հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի կիրառության հետ կապված ապահովել օրենսգրքի և հարակից օրենքների, դրանց հասկացությունների, կարգավորումների ու հղումների համապատասխանեցումը, օրենսգրքով սահմանված նոր կարգավորումների սահմանումը հարակից օրենքներով: