Մերժվում են բոլոր այդ նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել. վարչապետ
Հավանության է արժանացել կառավարության օրենսդրական նախաձեռնություն՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծի կարգավորման նպատակը մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաև տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով:
Նախագծով, մասնավորապես, շահաբաժինների հարկման մասով առաջարկվում է` հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն: Վերոնշյալ երկու օրենսդրական նախաձեռնությունները կմիավորվեն և ԱԺ կներկայացվեն մեկ փաթեթով:
Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն միտված է բիզնես միջավայրի բարելավմանը, գործարարների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելուն:
«Ավելին, մոտ ժամանակները մենք նորից քննարկելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և այլ գերատեսչությունների բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունները: Ամենակարևորը, որ ուզում եմ տեղյակ պահել գործընկերներին, այն է, որ բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ ՊԵԿ-ը հնչեցնում է խնդիրներ պոտենցիալ ոչ օրինապահ բիզնեսին օրինական դաշտ բերելու վերաբերյալ, միշտ առաջնորդվել ենք հետևյալով՝ մերժվում են բոլոր այդ նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել: Այսինքն՝ միակ չափանիշը մեզ համար բոլոր օրենքներում, նախաձեռնություններում այն է, որ օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նախատեսվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ հնարավորինս տեղեկացնել հանրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում