Մեկնարկում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի մրցաշարը
Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կընթանա «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կանցկացվի A և B խմբերով (շվեյցարական մրցակարգ, ինը տուր): A խմբում հանդես կգա 69 շախմատիստ, B-ում՝ 86:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ մրցաշարին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում 23 միջազգային գրոսմայստեր և նույնքան միջազգային վարպետ:
Նախօրեին կայացած բացման արարողության օրն անցկացվել է կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին: Մրցաշարում հանդես է եկել 14 երկրի 200 շախմատիստ:
Հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Նույնքան միավոր ունեցան ևս երեք շախմատիստներ, նրանց թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց երրորդ տեղը:
Կանանցից լավագույն արդյունք է ցույց տվել Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը (7 միավոր, 33-րդ տեղ):
Այսօր կկայանան առաջին տուրի պարտիաները: