Շավարշ Քոչարյանը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությանը, նշեց, որ ԵԱՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որ նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, պետք է որևէ քայլեր չձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության:
«Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մոտենալ ԵԱՏՄ-ին, ապա այսպիսի քայլեր չպետք է ձեռնարկի», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ եթե խոսում են տնտեսական դաշտից, ապա բավական է հիշել մի բան, որ Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Այսինքն, ըստ փոխնախարարի, ակնհայտ է, որ դրանք գործողություններ են, որոնք ուղղված են ի վնաս անդամ պետության շահերի:
«Ուստի, Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե դիտորդ, թե անդամ պետության համար: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», - ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան