ՍԱՊԾ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ երկու արտադրամասերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները:
ՍԱՊԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևանում գործող կիսապատրաստվածքների արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև որ արտադրամասը բերվի մաքուր և նորոգ վիճակի, ապահովվի սառը և տաք մշտական ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով և վերացվեն սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծառայությունը վերանայել է վերահսկողության շրջանակում երևանյան երկու արտադրամասերի գործունեությունը կասեցնելու մասին որոշումները: Անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասում հայտնաբերվել էին սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների և մակնշման խախտումներ, բացի այդ՝ տնտեսվարողը չէր ներկայացրել հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, արձանագրվել էին արտադրության և լաբորատոր հսկողության խախտումներ:
«ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունն էլ կասեցվել էր լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպքի պատճառով. «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չէին համապատասխանել սահմանված նորմերին: Երկու արտադրամասում էլ հայտնաբերված խախտումները վերացվել են, տնտեսվարողներին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին