Հայ զբոսաշրջիկներն Ամանորին կարող են մատչելի գներով մեկնել Իսրայել
Հայ զբոսաշրջիկներին Ամանորին ընդառաջ անակնկալներ են սպասվում: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը նշեց, որ իրենք հնարավորություններ են տալու զբոսաշրջիկներին՝ այցելել Հայաստան, և Հայաստանի քաղաքացիներին՝ Նոր տարուն ընտանիքներով մեկնել հանգստի:
«Մենք դժվարությամբ և, իհարկե, քաղավիացիայի և ՀՀ կառավարության օգնությամբ կարողացանք ստանալ այնպիսի ուղղության թույլտվություն, ինչպիսին Իսրայելն է՝ Թել Ավիվը: Հիմա՝ Ամանորի շեմին, որոշել ենք փոքրիկ անակնկալ մատուցել: Ինչպես տեսնում եք, հաճախակիացել են հանդիպումները Իսրայելի բիզնեսմենների, կառավարության հետ, զբոսաշրջիկներ ունենք այնտեղից, ավելի շատ մարդիկ են սկսել թռչել Հայաստանից Իսրայել և հակառակ ուղղությամբ: Ելնելով դրանից՝ ուղևորահոսքն ավելացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ մենք այդտեղ ներդրում պիտի ունենանք, դեկտեմբերին նախատեսում ենք ընդամենը 220 դոլարով չվերթ Երևան-Թել Ավիվ-Երևան՝ մեկ շաբաթով, նույն գնով տոմսեր կարող են ձեռք բերել Իսրայելում»,- ասաց նա:
Դեկտեմբերի 30-ին և 31-ին կլինեն լրացուցիչ չվերթներ Իսրայել, և հակառակ ուղղությամբ՝ հունվարի 6-ին և 7-ին: Ավիաընկերությունն առաջարկում է հետադարձ թռիչքով տոմս՝ ներառյալ բոլոր օդանավակայանային վճարները, ընդամենը 175 դոլարով, ըստ Օգանեսյանի, դրանցից միայն 110 դոլարը երկու երկրների միջև օդանավակայանային վճարներն են, այսինքն՝ ավիաընկերությանը աննշան գումար է մնում՝ ցույց տալու համար, որ զբոսաշրջիկին պետք է ինչ-որ բանով գրավել, իսկ գրավել կարելի է՝ հնարավորինս էժան գին առաջարկելով: Ավիաընկերությունը որոշ հյուրանոցների հետ բանակցություններ է վարել՝ ուր են գնալու իրենց հյուրերը՝ հատուկ գներով, որպեսզի զբոսաշրջիկի այս հոգսն էլ թեթևացնեն:
«Արմենիա»-ն վերականգնում է դեպի Բեյրութ չվերթները, որ ժամանակավորապես դադարեցրել էին՝ պայմանավորված ցածր սեզոնով:
«Դեկտեմբերի 18-ից մեր ինքնաթիռները նորից կթռչեն Բեյրութ: Տոմսերի արժեքը կլինի 99 եվրո՝ ներառյալ բոլոր վճարները՝ մեկ ուղղությամբ: Ես կարծում եմ՝ մինչ օրս նման գին Երևանում չի եղել: Մենք նաև վերականգնում ենք թռիչքները Բաղդադ, այն է՝ Իրաք: Այնտեղ հիմա ամեն ինչ նորմալ է, հանգիստ: Մենք միայն անվտանգության նկատառումներով էինք ընդհատել թռիչքները, և հենց ամեն ինչ կարգավորվել է, գոտին բացվել է, մենք դեկտեմբերի 15-ից վերականգնում ենք թիչքները Իրաք»,- ասաց Օգանեսյանը:
Ավիաընկերության երկու ավանդական ուղղություններով՝ Մինվոդի և Վորոնեժ, թռիչքները շարունակվում են անդադար, ուղևորահոսքն ամեն ամիս աճում է, արդեն իսկ կան հավատարիմ ուղևորներ, ովքեր ավիաընկերության գոյության ընթացքում 20-30 չվերթի մասնակից են եղել, նրանց համար «հավատարմության» հատուկ քարտեր են պատրաստել, որոնցով կլինեն զեղչեր, թեպետ՝ ոչ շատ մեծ:
Խոսելով խնդիրների մասին՝ ավիաընկերության գլխավոր տնօրենը նշեց՝ դրանք կան, և կան ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Ավիացիան, ավիաընկերություններն ամբողջ աշխարհում կորուստներ են կրում, խոշոր ավիաընկերություններ են փակվում, խնդիրները կան, լուրջ են, բայց լուծելի, կարևորը՝ ամեն ինչ իր հունով գնա, օրենքի շրջանակներում: Երբ մենք շուկա մտանք, բանակցություններ անցկացրինք Զվարթնոց օդանավակայանի հետ, բնականաբար ինչ-որ զեղչեր ստացանք, և այսօրվա դրությամբ ամեն նոր ուղղության համար օդանավակայանը մեզ 50 տոկոսանոց զեղչ է առաջարկում»,- ասաց նա:
Անդրադառնալով դժգոհություններին, թե Հայաստանում տոմսերը թանկ են, Օգանեսյանը նշեց, որ դրանք արդարացի չեն: Հայաստանից Մոսկվա կարելի է մեկնել 100 դոլարով, վերադառնալ՝ 65 դոլարով: Սպասարկման հետ կապված դժգոհությունների հասցեատերն, ըստ բանախոսի, ավիաընկերության քաղաքականության խնդիրն է. մեկը ամբողջական փաթեթ է առաջարկում, մեկը՝ ոչինչ, և ամեն ինչի համար պետք է վճարել:
Այն, որ թռիչքները հիմնականում գիշերային ժամերին են, Օգանեսյանը արդարացված է համարում, այստեղ կապ ունի ուղղությունը. եթե թռիչքը Եվրոպայի ուղղությամբ է, իհարկե, չվերթը գիշերով պիտի լինի, որովհետև հիմնականում ամբողջ ուղևորահոսքը թռչում է Մոսկվայով կամ Կիևով, ուստի ուղևորին Մոսկվա կամ Կիև բերելու և այնտեղից օրվա մեջ թռչելու հնարավորություն տալու համար, ինչ խոսք, պետք է գիշերը թռչել: Ավիաընկերության նոր ուղղությունների մասին Օգանեսյանը չխոսեց, խոստացավ փակագծերը բացել դեկտեմբերի վերջին:
Ավիաընկերությունը Ամանորին չարտերային թռիչք է նախատեսում՝ Երևան-Հռոմ-Երևան ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան