Հայաստանում խաղողի ռեեստր կստեղծվի
Հայկական գինին պետք է բրենդ դառնա: Նոյեմբերի 23-ին Երևանում մեկնարկած «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» ֆորումի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ֆորումի նպատակն է՝ ընդգծել ոլորտի կարևորությունը:
«Մենք համոզված ենք, որ մեր գինեգործների համար սա հետաքրքիր հարթակ կդառնա, որտեղ կկարողանանք քննարկել ապագա զարգացման հարցեը, կկարողանանք ծանոթանալ միջազգային փորձին, իսկ հյուրերը կկարողանան ծանոթանալ ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող գինու երկրին ու ավանդույթներին»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ համաժողովի ժամանակ կազմակերպվելու է 4 կլոր սեղան, քննարկվելու են ֆիլոքսերայի և խաղողի ֆիլոքսերադիմացկուն տեսակների հարցերը: Նա ընդգծեց՝ սա մարտահրավեր է, որին պետք է պատրաստ լինել, Հայաստանում այն գլուխ չի բարձրացրել, բայց կա, եղել է միշտ, մինչ օրս այն չի զարգանում կլիմայական պայմաններից ելնելով:
Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծելու են տնկարան, որտեղ սկսելու են զարգացնել ֆիլոքսերադիմացկուն տնկիները՝ համաճարակի դեպքում պատրաստ լինելու համար: Առաքելյանը հայտնեց, որ նպատակ կա նաև խաղողի ռեեստր ստեղծելու, խաղողի՝ գրանցված տեսակներ ունենալու դեպքում գինեգործության ու կոնյակագործության ուղղությունները կզարգանան: Մինչ այժմ, ըստ նախարարի, այս ուղղությունները զարգացնում են՝ ըստ նրա, թե ինչ կա դաշտերում, բայց հստակ ռեեստր չունենք: Գրանցումը բարդ ու ծավալուն աշխատանք է՝ արբանյակային նկարահանումներից թվայնացում:
Նախարարը կարևորեց նաև աշխարհագրական նշումով գինիների մշակույթի ներդրումը Հայաստանում, որը թույլ կտա բարձրացնել գինու արժեքը, ցույց տալ, թե որ այգուց, որ աշխարհագրական դիրքի խաղողից ստացված գինին ինչ համային առանձնահատկություն ունի: Առաքելյանը նշեց՝ բոլոր միջազգային արտադրողներն այդ ճանապարհն անցել են, և գինու արժեքը դրանով է որոշվում, բայց Հայաստանում այսօր այդ մշակույթը չկա:
Գինու տեղական սորտերը ներմուծված տեսակներից շատ են: Նախարարն ընդգծեց՝ ներմուծված սորտեր այդքան չկան, որ հարաբերակցություն քննարկեն, բայց «Արենին», «Ոսկեհատը», «Խնդողնին» կլինեն մեր այցեքարտը:
«Հայ գինեգործները հայկական սորտերից հրաժարվել չեն պատրաստվում, հակառակը, դա է լինելու մեր ուժեղ կողմը, բայց դա չի նշանակում, որ մենք չենք փորձելու կուպաժավորել տեղական և ներմուծված սորտեր, որոնք կարող են յուրահատուկ համ ու հոտ ունենալ: Մեր գործարաններն իրենք կորոշեն, թե իրենց որ գինին ավելի պահանջարկ կունենա»,- ասաց նա:
Գինու շուկայական արժեքն, ըստ նախարարի, մարքեթինգն է որոշում, բայց հայկական գինին սահմանափակ է, չի կարող լինել էժան, խաղողը չի կարող լինել էժան, ուստի գինին էլ չի կարող էժան լինել, ու եթե հայկական գինին պիտի մրցի դրսի արտադրանքի հետ, պիտի մրցի բարձր գինիների շարքում:
Տեղական ու ներմուծված գինիները խառնելն, ըստ նախարարի, աշխարհում ընդունված մոտեցում է, այստեղ խնդիր չկա, այլ հարց է՝ գործարանն ինչ է նախընտրում՝ տեղական գինի՞ արտադրել, որը թույլ կտա աշխարհագրական նշումով գինիների մշակույթը ներդնել, ասել՝ սա հայկական գինի է, թե խառնել տեսակները: Աշխարհագրական մակնշումն, ըստ նախարարի, թույլ կտա տարբերակել տեղականն ու խառնված գինիները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան