ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը «և-և»-ի քաղաքականության կարևոր ձեռքբերում է
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը բավական լուրջ քայլ է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում: Այն հանդիսանում է ՀՀ կողմից իրականացվող «և-և»-ի քաղաքականության կարևոր ձեռքբերում և, փաստացի, հաստատում է, որ ինտեգրացիոն գործընթացների համադրման մոդելն իրատեսական է և արդարացված:
Այսպես գնահատեց «Panorama.am»-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ-քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը:
«Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը փոխարինելու է դեռ 1999թ.-ին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրին և ունի ռազմավարական նշանակություն: Այն սահմանում է ՀՀ-ԵՄ համագործակցության բավական լայն դաշտ՝ ստեղծելով ոլորտային աննախադեպ փոխգործակցության հնարավորություն»,- նշեց քաղաքագետը և ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը դեռ ընդամենը սկիզբն է:
«Բավական կարևոր է նաև Համաձայնագրի արագ և արդյունավետ կյանքի կոչումը: Այս առումով թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմը պետք է ցուցաբերի անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր: Այս համատեքստում կարևոր դերակատարում են ստանձնելու ստեղծվելիք այն մարմինները, որոնք պատասխանատու են Համաձայնագրի իրականացման գործընթացի համար (Գործընկերության խորհուրդ, Խորհրդարանական գործընկերության կոմիտե և այլն)»,- նշեց Ն.Մինասյանը:
Անդրադառնալով համաձայնագրի տեքստում կարևոր շեշտադրումներին քաղաքագետը ընդգծեց, որ դեռ մինչև գագաթնաժողովը բավական ակտիվ քննարկվում էր, որ եզրափակիչ հայտարարության նախապատրաստական փուլում ձևակերպումների ընտրության հետ կապված որոշակի դժվարություններ կան:
«Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, փորձում էր ամեն կերպ հայտարարության մեջ ամրագրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ սեփական շահերից բխող ձևակերպումներ: Սակայն, հայկական կողմի ձեռնարկած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանխել հնարավոր բացասական ձևակերպումները: Այդ մասին վկայում է եզրափակիչ հայտարարության մեջ ամրագրված հակամարտությունների վերաբերյալ ընդհանրական դրույթը (առանց մասնավորեցումների), որտեղ ընգծվում է, որ դրանք պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Ընդգծվում է նաև հակամարտությունների կարգավորումը սահմանված ձևաչափերում, ինչը բավական կարևոր է, եթե հաշվի առնենք, որ Բաքուն փորձում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ»,- ասաց նա:
Քաղաքագետի համոզմամբ, հայտարարությունում բարձր է գնահատվում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, որը, թերևս չափազանցված չի լինի, եթե ասենք, որ այս գագաթաժողովի ամենաէական արդյունքներից էր:
«Բացի այդ, եզրափակիչ հայտարարության մեջ կարևորվում է նաև ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը: Վիզային ռեժիմի ազատականացումը կարող է դառնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և երկու հասարակությունների մերձեցման հաջորդ լուրջ խթանը: Գագաթաժողովի մասնակիցներն ընդգծել են նաև ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի միանալու գործընթացն ավարտելու խնդիրը, ինչի ուղղությամբ այսօր կատարվեց բավական կարևոր քայլ՝ նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը»,- ասաց Ն.Մինասյանը:
Ընդհանուր առմամբ քաղաքագետի համոզմամբ, ԱլԳ եզրափակիչ հայտարարությունը Հայաստանի համար բավական դրական է և սահմանում է այն հիմնական ուղենիշերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն մինչ հաջորդ գագաթնաժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան