Հայաստանում մայրական մահացության ցուցանիշները եռակի նվազել են
Հայաստանում մայրական և մանկական մահացության ցուցանիշները նվազել են:
Նոյեմբերի 24-ին՝ «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ գիտաժողովի հիմնական թիրախը` մայրական և մանկական առողջության բարելավումը, համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներին։
«Ամբողջ աշխարհում մայրական և մանկական մահացության ցուցանիշները որոշակիորեն արտացոլում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական նկարագիրը»,-ասել է նախարարը` հավելելով, որ դա համահունչ է նաև մեր երկրի նախագահի կողմից բարձրաձայնած՝ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին բնակչության թիվն առնվազն 4 միլիոնի հասցնելու նպատակին։ Այս ենթատեքստում նա խիստ արդիական է համարել գիտաժողովի կազմակերպումը։ Փաստելով, որ Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների էական բարելավում է արձանագրվել՝ Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ 2017թ. գրանցվել է մայրական մահացության 2 դեպք, որից մեկը` ոչ մանկաբարձական։
«Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ ֆինանսական սուղ միջոցներով կարելի է արդյունավետ կառավարման և նվիրվածության շնորհիվ հասնել լավ ցուցանիշների»,-ասել է նախարարը։
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ցուցանիշներն ուրախալի են թե մայրական մահացության դեպքում, որտեղ ունենք եռակի նվազում, թե նորածնային մահացության դեպքում. այս ցուցանիշը 18 պրոմիլից իջել է 6-ի, և դա հիանալի արդյունք է:
Գիտաժողովի կարևորությունն ընդգծել են նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Ռազմիկ Աբրահամյանը։
Բանախոսները շեշտել են, որ Ֆրանսիայից, Իսրայելից, Ռուսաստանից ժամանած մեծ համբավ ունեցող կլինիցիստ-գիտնականների մասնակցությունը կնպաստի Հայաստանում պերինատալ ծառայության բարելավմանը։ Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Ջավախքի մեծաթիվ մասնագետներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան