Հայաստանի եվրոպացի բարեկամներ. ՀՀ-ԵՄ հարաբերություններում հետագա կարևոր քայլը պետք է լինի վիզայի ազատականացումը
Այսօր` նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը (ՀԸԳՀ): Սա առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է ԵՄ-ի և ԵԱՏՄ անդամ երկրի միջև: Համաձայնագրի տեքստը բանակցությունների սեղանին է եղել մոտ 15 ամիս և նախաստորագրվել է այս տարվա մարտին: Այս մասին ասված է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Սա պատմական օր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և արձանագրում է նոր մեկնարկ գործընկերների միջև կապերի խորացման և ուժեղացման առումով: Այս ժամանակակից, հավակնոտ և համապարփակ համաձայնագիրը խորհրդանշում է զարգացման, համագործակցության և բարեփոխումների նոր ժամանակաշրջան, և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը պատրաստակամ է ապահովելու դրա հաջողությունը»,-ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության` «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն:
«ՀԸԳՀ-ն ոչ թե ավարտն է, այլ սկիզբն ավելի պահանջկոտ փուլի: Հայաստանն այժմ ունի նոր գործիքներ, ավելի լավ է զինված շարունակելու բարեփոխումները, որոնք կապահովեն, որպեսզի հայկական պետությունն ու հասարակությունը դառնան ավելի լավը, արդար, բարեկեցիկ և ժողովրդավար»,-հավելել է պարոն Պինտոն:
ՀԸԳՀ-ի իրականացումը կապահովի վերջին տարիներին ընթացող բարեփոխումների շարունակականությունը` հատկապես իրավական, դատական համակարգերի, հանրային և սոցիալական ինստիտուտների և կառավարման ոլորտներում: Հաշվի առնելով կողմերի կիսած քաղաքական և տնտեսական հետաքրքրությունները` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում Հայաստանի և Եվրոպական Միության միջև առավել ամուր համագործակցության հաստատման համար` տնտեսության, այդ թվում` էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և առևտրի ասպարեզներում:
Համաձայնագիրը հնարավորության է ընձեռում Հայաստանին խորացնելու իր հարաբերությունները ԵՄ-ի և անդամ պետությունների հետ: Լինելով իր տեսակի մեջ առաջինը` համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել և նախադեպ դառնալ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ներառված երկրների հետ ԵՄ հետագա հարաբերությունների համար:
Այսօր` ավելի վաղ, նախաստորագրվել է ԵՄ-Հայաստան ավիացիոն համաձայնագիրը` ստեղծելով հնարավորությունների լայն շրջանակ եվրոպական քաղաքների և Հայաստանի միջև օդային կապերի ինտենսիվացման, ինչպես նաև մարդկանց միջև շփումների խորացման և տնտեսական փոխանակումների հետագա աճի համար:
«ՀՀ-ԵՄ հարաբերություններում հետագա կարևոր քայլը պետք է լինի վիզայի ազատականացումը, որը կամրագրի երկու կողմերի պատրաստակամությունը ստեղծելու կամուրջներ հասարակությունների միջև` ապահովելով նոր համաձայնագրի հումանիտար կողմը»,-եզրափակել է պարոն Պինտոն:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Համաձայնագիրը նոր գլուխ է բացում Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին