Խաչատրյանի փառատոնում ելույթ է ունեցել Օտրի տրիոն
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Օտրի տրիոն։
Հայաստանի երիտասարդական նվագախմբի փոխանցմամբ՝ բացառիկ կազմով տրիոն՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ) կազմով, ունկնդրին ներկայացրել է բոլորովին նոր համերգային ծրագիր։ Հանդիսատեսը հայկական միջնադարյան եկեղեցիների որմնանկարների ներքո ունկնդրել է Յոզեֆ Հայդնի, Էմիլ Վալդտեյֆելի, Յան վան Գիլսի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից։
Աղբյուր նշում է, որ Օտրի տրիոյի աղջիկներն առաջիկայում ևս խոստանում են հետաքրքիր ծրագրեր. խոստովանում են, որ շատ են ցանկանում իրենց կազմով կատարել ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի գործերից, ներկայացնել սիմֆոջազի ճանաչված այս հեղինակի կողմից իմպրովիզացիոն ջազի և եվրոպական երաժշտության դասական տարրերի զուգորդումները։
Օտրի տրիոյի ստեղծագործական գործունեության մաս է կազմում նաև լուսավորչական-կրթական աշխատանքը։ Երաժիշտները Երևանում և մարզերում ինտերակտիվ համերգներ են կազմակերպում երեխաների, դպրոցականների համար։ Հետաքրքիր դաս-համերգների ընթացքում նրանք պատանի հանդիսատեսին ծանոթացնում են երաժշտական գործիքների, կոմպոզիտորների, դասական արվեստի շատ նրբությունների հետ՝ այդպիսով երեխաների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնելով դեպի բարձր արժեքները։
Այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
- Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
- Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին
- Խաչատրյանի փառատոնի շրջանակներում հանդես է գալու կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը