Քաղաքագետ. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ապացուցեց, որ «և, և» մոտեցումը ողջամիտ էր. «Առավոտ»
Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը պատմական է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհամասի համար։ «Առավոտ»-ի հետ զրույցում նման գնահատական է տվել քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց, որ ժամանակին Հայաստանի առաջ քաշած «և, և» մոտեցումը ողջամիտ էր և ռեալիստական։ Փաստորեն՝ մի քանի տարի անց պարզվեց, որ ԵՄ և ԵԱՏՄ միջև հակադրությունը կարելի է փոխարինել համագործակցությամբ և կամրջել եվրոպական աշխարհամասի տարբեր կողմերում ընթացող ինտեգրացիոն գործընթացները։ Սա պատմական է ոչ միայն Հայաստանի համար, ում հաջողվեց, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ հետ համագործակցության ոլորտում հետ չմնալ հարևաններից, ըստ որում՝ արժանանալով նաև Ռուսաստանի դաշնության հավանությանը, այլև ողջ աշխարհամասի, քանի որ Հայաստանի օրինակը նախադեպային մոդել է դառնում, որի հիման վրա կարելի է կառուցել հետագա համագործակցությունը և թոթափել եվրոպական Արևելքի ու Արևմուտքի միջև առկա լարվածությունը»։
Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրին, ապա քաղաքագետի կարծիքով՝ այստեղ ուշադրության է արժանի 6-րդ կետը, որտեղ անդրադարձ է կատարվում տարածաշրջանում առկա հակամարտություններին։
«Հռչակագրում աջակցություն է հայտնվում առկա բանակցային ձևաչափերին և գործընթացներին։ Կոնկրետ Ղարաբաղյան կարգավորման կոնտեքստում սա փաստորեն նշանակում է, որ ԵՄ անդամ 28 երկրները և գործընկեր 6 երկրները, այդ թվում Ադրբեջանը իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին և առկա գործընթացին։ Սա ճիշտ է՝ աննախադեպ չէ, քանի որ նախորդ գագաթնաժողովում՝ Ռիգայում, գրեթե նույն ձևակերպումն էր տրված, բայց էական է, քանզի Ռիգայի գագաթնաժողովին հետևել էին մի կողմից՝ ուկրաինական ճգնաժամը ու վերջերս էլ՝ Կատալոնիայի հիմնախնդիրը, իսկ մյուս կողմից՝ ապրիլյան քառօրյա պատերազմը»,- ասել է Արմեն Մինասյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին