Հայ բազկամարտիկները վերադարձել են մեդալներով
Լեհաստանի Ռումիա քաղաքում անցկացվել է բազկամարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ «Ոսկե տուրը», որտեղ Հայաստանը պատվով ներկայացրել են Սարգիս Ստեփանյանը, Խաչատուր Սարիբեկյանը և Աշոտ Ադամյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը հայտնել է, որ մրցաշարին մասնակցել են նաև սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարզիկներ, որոնց համար «Ոսկե տուրն» աշխարհի գավաթի կարգավիճակ ուներ:
ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը նվաճել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ: Ստեփանյանը հաղթող է դարձել 75 կգ (PID-sitting – հենաշարժողական համակարգի խնդիրներով) և 80 կգ (PIDH-sitting – վերին վերջույթների խնդիրներով) քաշային կարգերում: Հայ մարզիկը երկրորդ տեղն է զբաղեցրել Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում:
Խաչատուր Սարիբեկյանն (80 կգ) արծաթե մեդալ է նվաճել PIDH-sitting կարգում:
Ավելի վաղ 63 կգ քաշային Աշոտ Ադամյանը նվաճել էր բրոնզե մեդալ: