«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը». Այսօր Մոնթեի ծննդյան օրն է
«Արցախն իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, վերջինը չի ըլլա». Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերն են:
Այսօր Մոնթեի ծննդյան օրն է:
Նա Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: 1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երևան, յոթ ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեցին Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:
«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։
«Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթ ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված»,- Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի մասին ասել է Պարգև Սրբազանը:
Մոնթեն և զինվոր էր, և հրամանատար: Մարտական ընկերները պատմում են, որ Մոնթեն խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների հանդեպ: Մարտունեցիները պատմում են, որ նաև հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ ու կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։
Մոնթեն ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:
1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:
1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:
1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և որոշ ժամանակ տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը:
Երբ մեկնեց Արցախ, սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, երբ որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր:
Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր՝ ուրեմն պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետև, եթե չաներ, չէր կարող։
1991 թ-ին Մոնթեն ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր Լիբանանում, երբ Սեդան 15 տարեկան էր, Մոնթեն` 21: «Այո, դժվար էր, մենք դժվարին ուղի էինք ընտրել: Մենք հազվադեպ ենք միասին եղել, սակայն դա նշանակություն չունի: Ես երջանիկ եմ, որ ամուսինս Մոնթեն է, նրա նմանը չկա»,-ասել է Սեդան իր ամուսնու` Մոնթեի մասին:
Մոնթեն անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։ Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք, առանց կռվի ոչինչ չի ստացվում թե մարտի դաշտում, թե թիկունքում։ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը և շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ բացեցին, առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։
Հետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։
Կենսագրությունը՝monte-melkonyan.do.am կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան