Մտահոգությունները հիմնականում փարատվել են. Արփինե Հովհաննիսյանը՝ Ընտանեկան բռնության մասին նոր օրինագծի մասին
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագիծն այս շաբաթ քննարկվելու է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Այս մասին այսօր Գենդերային բռնության դեմ 16-օրյա համաշխարհային քարոզարշավին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում լուրջ աշխատանքներ են տարվել: «Ես ինքս էլ ունեցել եմ մտահոգություններ ձևակերպումների հետ կապված, որոնք այս պահի դրությամբ հիմնական մասով վերամշակված են և ներկայացվել են խորհրդարանի դատին: Քննարկումից հետո նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նախագիծը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և այն մտահոգությունները, որոնք առկա էին հանրության շրջանում, հիմնականում փարատվել են:
ԱԺ փոխխոսնակը, լրագրողների հետ զրույցում էլ անդրադառնալով օրենքի նախագծի հետ կապված մտահոգություններին, ասաց, որ օրենքում օգտագործվող հասկացությունները, դրանց բացվածքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էին տալիս և առաջացնում մտահոգություններ, որոնց բոլորն են ծանոթ:
Ինչ վերաբերում է օրենքի վերտառության մեջ «բռնության» փոխարեն «ընտանիքում համերաշխության վերականգնման» ձևակերպումներին, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ ձևակերպումը որևէ ձևով չի նսեմացնում բռնության դեմ պայքարի հանձնառությունը։ «Եթե նայեք միջազգային փորձը, ապա գուցե օրենքների վերտառության մեջ նման ձևակերպումների չեք հանդիպի, բայց բովանդակային տեսանկյունից տարբեր օրենքներում առկա են վերականգնմանն ուղղված դրույթներ։ Դրանք այժմ առկա են նաև այս նախագծում: Կարծում եմ՝ օրինագծի վերտառությունն արտացոլում է բովանդակության մեջ առկա այն դրույթները, որոնք ուղղված են լինելու ընտանիքում համերաշխության վերականգնմանը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք համերաշխությունը իրավական կատերգորիա է, Արփինե Հովհաննիսյանն ընդունեց, որ համերաշխությունը իրավական կատեգորիա չէ, օրենքում կան նաև այլ դրույթներ, որոնք ևս իրավական տեսանկյունից ամբողջությամբ բացահայտված չեն, բայց, ըստ նրա, դատական պրակտիկան լրացնում է այդ բացը. «Կարծում եմ, որ ոչ մեկին պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում ընտանիքում համերաշխության վերականգնում։ Նպատակն ու սկզբունքը, պարզապես բարձրացված է օրենքի վերտառության մեջ»։
ԱԺ փոխխոսնակը նաև չբացառեց, որ օրենքի նախագծում կլինեն փոփոխություններ:
Հարցին, թե այս նոր նախագծով բավարարվե՞լ են ավանդապաշտ հանրապետականների պահանջները, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր տեսակետն արտահայտել, բայց ՀՀԿ-ի ներսում քննարկումներ եղել են, և կարող եմ ասել, որ մտահոգությունները մեծ մասամբ փարատվել են: Հարցը ձևակերպումներն էին, որոնք որոշակի առումով նորություն էին իրավական տերմինաբանության տեսանկյունից»։
Հարակից հրապարակումներ`
- Առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյան. Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում հստակեցումներ են արվելու
- «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է. Շարմազանով
- Զ. Հովհաննիսյան. Որպեսզի դանակը ոսկորին չհասնի, անհրաժեշտ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան