Ադամանդի արտադրությունը Հայաստանում աճել է 49%-ով, ոսկերչական իրերինը՝ 2.7 անգամ
Հայաստանում աճել են ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալները:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 127 հազար 601 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 85 հազար 630 կարատ ադամանդ:
Նշենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 1 605.7 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.7 անգամ ավելի է: 2016թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 602.7 կգ ոսկերչական արտադրանք: