ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վերաբերում է հասարակ քաղաքացիներին. Պյոտր Սվիտալսկի
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը ստեղծում է նոր հնարավորություններ, բացում նոր դռներ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի համար բացվող հեռանկարներին: Նրա խոսքով՝ համաձայնագիրը կխթանի ՀՀ-ԵՄ հարաբերությունները, կամրապնդի դրանց հիմքերը, կընդլայնի համագործակցության շրջանակները: Սվիտալսկին ընդգծեց՝ համաձայնագրից օգուտ ստանալու հարցում էականը դրա լավ ապահովումն է: Ու թեպետ բանակցել են դիվանագիտական շրջանակները, ղեկավար մարմինները, սակայն համաձայնագիրը վերաբերում է հասարակ քաղաքացիներին:
«Մենք խրախուսում ենք, աջակցում, սակայն երբեք չենք պարտադրում որևէ բան: Այս նոր փուլի և մեր համագործակցության մեջ նոր որակի ամրագրմամբ՝ կարող ենք ասել, որ հանձն ենք առնում՝ ավելին անելու: Ես չեմ կարծում, որ հիմա տեղին է խոսել պատժամիջոցների, ձախողումների մասին, լավատեսորեն եմ տրամադրված առ այն, որ այս համաձայնագիրը նոր որակ կհաղորդի մեր հարաբերություններին: Ես հետևողականորեն լավատես եմ եղել: Սա համագործակցային ջանք է, և մենք հաջողելու ենք»,- ասաց նա:
ԵՄ դեսպանը ընդգծեց՝ այս համաձայնագիրը տարբերվում է Ասոցացման համաձայնագրից, բայց այն հավակնոտ է, և ԵՄ-ն մշտապես իր գործընկերների ձգտումներն ու նկրտումները հաշվի է առնում: Սվիտալսկու խոսքով՝ համաձայնագիրը կախարդական փայտիկ չի պարունակում, որը կփոխի իրականությունը մի գիշերվա մեջ, այդուհանդերձ, այն առաջ կբերի շոշափելի, տեսանելի բարելավումներ՝ սովորական քաղաքացու տեսակետից, և առաջին հերթին՝ կարևոր է ընդհանուր արժեքների հայեցակարգը: Ըստ ԵՄ դեսպանի՝ այս համաձայնագիրը կարող է դառնալ սովորական քաղաքացիների իրավունքների պաշտպանության լավ գործիք, կարող ենք ունենալ ավելի ժողովրդավարական գործընթացներ: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր ունեցած բոլոր լավագույն փորձը պատշաճ կառավարման ոլորտում, այն նաև տնտեսական օգուտներ կարող է բերել:
Սվիտալսկին հույս հայտնեց, որ այս համաձայնագիրը հանդես կգա որպես խրախուսող գործոն, ավելին՝ այն նաև որոշ կարևոր տարրեր է պարունակում, որոնք համաձայնագրի շոշափելի արդյունքը կհանդիսանան, և ԵՄ-ն ի վերջո կտրամադրի կոնկրետ ֆինանսական աջակցություն համաձայնագրի իրագործման ուղղությամբ:
«Մի ակնկալեք որևէ փոփոխություն վաղը կամ վաղը չէ մյուս օրը, բայց երբ մենք համագործակցենք մեր հայ գործընկերների հետ, ես վստահ եմ, որ համագործակցության ոգին կամրապնդվի, իրական փաստերը կապացուցեն, թե որքան կարևոր էր այս համաձայնագիրը Հայաստանի համար: Այն ուղղված չէ երրորդ երկրի, սակայն նրա որոշ տարրեր, որոնք կան, օգտակար կլինեն այլ երկրների՝ Հայաստանի գործընկերների համար: Համաձայնագիրն իր փիլիսոփայությամբ բաց է, երբ մենք բանակցում էինք, միայն մեր մասին չէինք մտածում, եթե այն լավ կիրարկվի, առաջ կբերի ցանկալի փոփոխությունները՝ կառավարման, տնտեսության, բիզնեսի, էներգետիկայի, տրանսպորտի, մարդկային հարաբերությունների ոլորտներում, մենք չենք ուզում մենաշնորհ ունենալ դրանց դրույթների նկատմամբ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ին պետք է շնորհակալություն հայտնել, այս օրակարգը հրապարակ բերելու համար. Ստեփան Սաֆարյան
- Իսկանդարյան. Այս պայմանագիրը քիչ է տարբերվում ասոցացման համաձայնագրից
- Քաղաքագետ. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ապացուցեց, որ «և, և» մոտեցումը ողջամիտ էր. «Առավոտ»
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը «և-և»-ի քաղաքականության կարևոր ձեռքբերում է
- ՍԴՀԿ. Համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս դուրս չմնալ կարևորագույն գործընթացներից
- Նալբանդյան. Համաձայնագիրը նոր գլուխ է բացում Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց
- Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը
- Եվրախորհրդարանի նախագահ. Այսօր կստորագրվի Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
- Մերկելը խոսել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան