
ՀՀ-ն վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ
Նախօրեին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության անդամ-պետությունների 7-րդ հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում կայացել են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամների ընտրությունները: 6 թափուր տեղերի համար իրենց թեկնածությունն են ներկայացրել 10 պետություններ: Քվեարկության արդյունքում ընտրվել են հետևյալ անդամները` Իտալիա (48 ձայն), Հայաստան (44), Կամբոջա (43), Ճապոնիա (42), Էլ Սալվադոր (39), Եգիպտոս (32): Հետևապես, Հայաստանը վերընտրվել է 2017-2021թթ. ժամանակահատվածի համար:
1954թ. Կոնվենցիային կից Երկրորդ արձանագրության շրջանակներում գործող կոմիտեն ունի 12 անդամ:
Հայաստանը դարձել է Կոմիտեի անդամ 2013 թվականին:
Կոմիտեի հիմնական գործառույթներից է Երկրորդ արձանագրության իրականացման համար ղեկավար ցուցումների մշակումը, վերջինիս իրականացման գործընթացի վերահսկումը, անդամ երկրների պարբերական զեկույցների քննարկումը, ինչպես նաև մշակութային արժեքների համար ուժեղացված պաշտպանության կարգավիճակի տրամադրումը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


