Քըլըչդարօղլուն պատրաստ է ապացուցել Էրդողանի մասին հայտարարությունները
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է՝ իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք փաստում են, որ 2011-2012 թվականների ընթացքում Թուրքիայի նախագահի հարազատները միլիոնավոր դոլարներ են փոխանցել Մեն կղզում գրանցված օֆշորային ընկերությանը:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Էրդողանի ղեկավարած «Զարգացում և Արդարություն» կուսակցությունն արգելափակեց խորհրդարանում Էրդողանի հարազատների ու այդ երկրի վարչապետի որդիների՝ օֆշորային ընկերություններում մասնակցության հրապարակումների վերաբերյալ վարույթների իրականացումը: Քըլըչդարօղլուն քննադատեց խորհրդարանականների որոշումն ու կոչ արեց երկրի նախագահին տվյալներ հրապարակել իր ունեցվածքի մասին:
Հիշեցնենք, որ «Դրախտի թղթերում» հայտնվել էին Թուրքիայի վարչապետի որդիների և հորեղբոր անունները: Վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմը և Բյուլենթ Յըլդըրըմը, Մալթայում ունեն 5 ընկերություն, իսկ հորեղբոր՝ Յըլմազ Յըլդըրըմն օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի: Սկանդալային բացահայտումից հետո Յըլդըրըմը հայտարարել է, որ ցանկանում է որդիների գործով հետաքննություն սկսվի:
Օֆշորային սկանդալի կենտրոնում է հայտնվել նաև Թուրքիայի Էներգետիկայի նախարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ հրաժարական կտա, եթե ընդդիմադիր գործիչն ապացուցի իր հայտարարությունները:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա
- Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը օֆշորային բացահայտումների հարցը կտեղափոխի մեջլիս