Կոնվերս Բանկը՝ Մայր թատրոնի գլխավոր աջակից
2018թ-ին Կոնվերս Բանկն աջակցելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Black box թատրոնի հիմնադրման ու կայացման ձեռնարկին: Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում նմանը չունեցող թատրոնի այս տեսակն իր պարզ, սակայն դինամիկ լուծումների շնորհիվ կարող է օգտագործվել ավելի շատ ներկայացումների համար:
«Կոնվերս Բանկը մեծ ոգևորությամբ է միացել Մայր թատրոնի նոր՝ ժամանակակից լուծումներ պահանջող նախաձեռնություններին: Ընդհանրապես, Բանկն ուշադրության կենտրոնում է պահում նորարարական նախագծերը թե՛ բիզնես միջավայրում, թե՛ մշակութային ու կրթական ոլորտներում: Մեր համար անչափ կարևոր է այս համագործակցությունը և Մայր Թատրոնի մի քանի հետաքրքիր ձեռնարկներում ներգրավվածությունը՝ որպես Գլխավոր աջակից»,- ասել է Կոնվերս Բանկ Տնօրինության անդամ Գոհար Հարությունյանը:
Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր թատրոնն արդեն հանդիսատեսին է ներկայացրել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»՝ նոր ու անսպասելի մեկնաբանությամբ:
«Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ում բարձրացված խնդիրներն արդիական են նաև մեր օրերում: Այն վաղուց արդեն թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային թատրոնների խաղացանկի անբաժանելի մասն է: Նոր բեմադրությունը կտարբերվի նախորդներից իր լուծումներով և նորարարական մոտեցմամբ»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ նշելով, որ ներկայացումը՝ իր դինամիզմի, նոր լուծումների շնորհիվ հետաքրքիր կլինի նաև երիտասարդությանը:
«Ինչպես բիզնեսում, այնպես էլ իր սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններում Բանկն ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդներին: Այս բեմադրությունը հատկապես գրավիչ է լինելու երիտասարդների համար և յուրատեսակ գործիք է հանդիասանալու դեպի թատրոն նրանց ձգելու համար: Երիտասարդներին թատերական արվեստին մոտեցնելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Թատրոնի կողմից մեկ այլ նախաձեռնություն կմեկնարկենք մեր Բանկի Բաժնետեր Էդուարդո Էռնեկյանի կողմից հիմնադրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտների համար»,- հավելել է Գոհար Հարությունյանը:
«Կոնվերս Բանկը Հայաստանի ամենամշակութային Բանկն է՝ մեր կապը ձևավորվել է ամուր և առողջ հենքի վրա ու այս համագործակցությունից շահողը լինելու է միայն հանրությունը»,- եզրափակել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: