Ադրբեջանի և Թուրքիայի քավորությամբ ընդունված հռչակագիրը որևէ նշանակություն չի կարող ունենալ ԼՂ հիմնահարցի վրա. Շարմազանով
«Ադրբեջանն ու Թուրքիան, մերժելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են ընդամենը մեկ սկզբունք` տարածքային ամբողջականության սկզբունքը, մերժել են այն ամենն, ինչ կա ու ընդունել են մի որոշում, որը ոչ միայն Հայաստանին շահերից չի բխում, այլ առհասարակ չի բխում այն իրավական բազայից, որ գոյություն ունի»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Կիևում ընդունված հռչակագրին։
Խոսելով Արցախյան հիմնահարցի վրա հռչակագրի հնարավոր ազդեցության մասին` ՀՀԿ խոսնակը նշեց, որ Արցախյան հիմնահարցը չի կարող կապվել ոչ Օսեթիայի, ոչ Աբխազիայի, ոչ Ղրիմի, ոչ էլ Կատալոնիայի հարցի հետ: «Արցախյան հիմնահարցն իր ուրույն պատմությունն ունի, ուրույն իրավական հիմքերը և Արցախի Հանրապետությունն ու Արցախի քաղաքացիներն անկախացել են Խորհրդային միությունից նույն այն օրենսդրական նորմերով, ինչ նախկին Խորհրդային միության անդամ բոլոր մյուս պետությունները, այդ թվում նաև այսօր ԵՄ անդամ 3 պետությունները` Լիտվան, Էստոնիան և Լատվիան»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն, ապա, ըստ նրա, մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները, նաև ԵՄ պաշտոնական տեսակետներում ամրագրել են հստակ դրույթներ, որտեղ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումն ու ինքնորոշման իրավունքի իրացումը մեկ ամբողջական փաթեթային սկզբունքներ են, և որտեղ մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ ընդունված չէ։
«Այդ իմաստով, այն, ինչ ժամեր առաջ ընդունվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կողմից, Ադրբեջանի և Թուրքիայի քավորությամբ և որոշ երկրների մասնակցությամբ, դա ոչ միայն հակահայկական բնույթ ունի, այլ հակատրամաբանական է, հակաիրավական: Դա հակասում է թե Եվրամիության պաշտոնական տեսակետին, թե Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետներին»,– ընդգծեց Է.Շարմազանովը` հավելելով, որ հռչակագիրն իհարկե որևէ իմպերատիվ նշանակություն չի կարող ունենալ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով, բայց նաև տհաճ է, քանի որ նման ձևակերպումները չեն օժանդակում խնդրի խաղաղ կարգավորմանը և մտնում են հակասության մեջ միջազգային իրավական նորմերի հետ։
«Սա անթույլատրելի ու դատապարտելի պահվածք է, և մենք պաշտպանում ենք ՀՀ ԱԺ բազմակուսակցական պատվիրակության անդամ մեր գործընկերների որոշումները»,– նշեց ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԾՏՀ վեհաժողովը լքած հայկական պատվիրակությունը դեռ որոշում է իր հետագա քայլերը
- Իբրև բողոքի նշան՝ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը