Ուկրաինան սպառնում է դադարեցնել համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ
Ուկրաինայի պատվիրակությունը կարող է կասեցնել կամ նվազեցնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը, եթե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության իրավունքները վերականգնվեն: Այս մասին ասել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը՝ Front News International-ին:
«Ենթադրաբար, իրադարձությունների բացասական զարգացման դեպքում, Ուկրաինայի պատվիրակությունը կարող է դադարեցնել համագործակցությունը կամ զգալիորեն նվազեցնել կապերը վեհաժողովի հետ: Ես պատճառ ունեմ հավատալու, որ սա տեղի չի ունենա, սակայն չեմ կարող բացառել»,-ասել է Արիևը՝ հավելելով, որ ամեն ինչ որոշվելու է հունվարին:
Արիևի խոսքերով, ՌԴ պատվիրակության վերադարձը կվնասի Եվրոպայի խորհրդին:
Նոյեմբերի 27-ին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խոսել էր ՌԴ պատվիրակության վերադարձի օգտին: Ինչպես գրել էր Financial Times-ը, ներկայումս Յագլանդը Եվրոպական մայրաքաղաքներում զգուշացնում է այն լուրջ վտանգների մասին, որ կարող են լինել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու դեպքում, եթե նրա պատվիրակության իրավունքները չվերականգնվեն:
Յագլանդը նշել է, որ ՌԴ պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ չի նշանակում, որ իրենք ընդունում են Ղրիմի անեքսիան, սակայն իրենց մանդատն է պաշտպանել մարդու իրավունքները ՌԴ-ում ու Ղրիմում, կամ այն վայրերում, որտեղ մարդիկ են ապրում: (ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից 2014թ․-ին Ղրիմի՝ ՌԴ-ին միացվելու պատճառով, որը Եվրոպան համարում է անեքսիա)։
Առանց նախապայմանների ՌԴ պատվիրակության ԵԽԽՎ վերադարձի ընդդիմախոսները կարծում են, որ սա կարող է նախադեպ լինել մյուս երկրների համար, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Լեհաստանն ու Հունգարիան, ովքեր շանտաժի են ենթարկում ժողովրդավարությունը, ունեն տարաձայնություններ ԵԽ-ի հետ:
Հիշեցնենք, որ վերջերս Անկարան հայտարարեց, որ կրճատում է ԵԽ բյուջե փոխանցվող գումարների չափը, քանի որ նախորդ տարվա հեղաշրջման փորձից հետո ԵԽԽՎ-ն Թուրքիան հետմոնիտորինգային կարգավիճակից վերադարձրեց մոնիտորինգի տակ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ում ՀՀ դեսպան. ՀՀ մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ՀՀ արձանագրած հաջողություններով
- ԵԽԽՎ-ն կարող է վերականգնել ՌԴ պատվիրակության լիազորությունները
- Յագլանդ․ ՌԴ կողմից գումարի չվճարման դեպքում ԵԽ աշխատակազմը կկրճատվի 10 տոկոսով
- ԵԽ-ն աննախադեպ վիճակում է՝ ՌԴ կողմից 11 մլն եվրոյի չվճարման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան