Մերձավոր Արևելքում փոխված իրավիճակը ՀՀ-ի համար նոր հնարավորություններ է բացում. Հայկ Քոչարյան
Մերձավոր Արևելքը դեպքերի և իրադարձությունների զարգացման հերթական փուլում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արաբագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ կարելի է արձանագրել՝ ռազմական գործողությունների փուլը դադարեցված է, կարելի է անցնել քաղաքական գործիքների, քաղաքական գործընթացով հարցը լուծելու փուլին:
Արաբագետի խոսքով՝ ՌԴ նախագահի՝ նախորդ շաբաթ Սոչիում կազմակերպած եռակողմ հանդիպումները, տարածաշրջանի մի շարք պետությունների և գերտերությունների, արտատարածաշրջանային ուժերի ղեկավարների հեռախոսազանգերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը փորձում է միջամտել նաև քաղաքական գործընթացին, ուղղորդել կամ որոշակիորեն ուրվագծել զարգացման հեռանկարները:
Այս պահին, ըստ բանախոսի, քաղաքական գործընթացները երկուսն են՝ Ժնևյան և Աստանյան. «Բաշար Ասադն այսօր բանակցային սեղանի շուրջ բավական ամուր դիրքերից է հանդես գալիս, այդ դիրքերից նա փորձելու է փոխել իրավիճակը: Տարածաշրջանը վերջին շրջանում շատ ակտիվ փոխվում է, Սաուդյան Արաբիայում իշխանության բյուրեղացման գործընթաց է տեղի ունենում, և կարծեք թե դեռ երիտասարդ թագաժառանգին հաջողվում է իշխանությունը պահել իր ձեռքում ու ամրապնդել: Այստեղ կան անձնային լավ հարաբերություններ թագաժառանգի և ՌԴ նախագահի միջև, որը նաև նպաստում է Սիրիայի շուրջ բանակցություններին»:
Քոչարյանի խոսքով՝ Իսլամական պետություն, որպես այդպիսին, որպես գործոն՝ սիրիական քաղաքական քարտեզի վրա չկա, նա տարբեր շրջաններում գործելու է, ահաբեկչություններ կլինեն, բայց խոսքն այդ մասին չէ: Առաջիկայում, ըստ բանախոսի, քաղաքական ակտիվ բանակցությունների ենք ականատես լինելու, որոնք ուղղորդվելու են տարբեր կողմերի՝ բանակցությունների սցենարների վրա ահաբեկչական գործիքներով ազդելու փորձերով:
Արաբագետի գնահատմամբ՝ փոխված իրավիճակում Հայաստանը բավական հետաքրքիր իրավիճակում է հայտնվում, հնարավորությունների դաշտ է բացվում, դրա վկայությունն է նաև Իսրայելի՝ վերջերս ակտիվացած կամ բարձր մակարդակին հասած հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ և վերջերս ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը, որը նույնպես շուկայի տեսանկյունից տարածաշրջանի մյուս խաղացողների համար հնարավորություններ է բացում:
«Այսինքն՝ ստեղծվել են լավ հնարավորություններ, կօգտագործվե՞ն դրանք, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, բայց ինչ-որ բան հուշում է, որ կարող են նաև դրանք բաց թողնվել»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց՝ իրավիճակը փոխվել է, այդ պայմաններում Սաուդյան Արաբիան ավելի շատ զբաղված է իր ներքին խնդիրներով ու չի կարող շատ խառնվել տարածաշրջանի մյուս գործերին, ինչից օգտվում են մյուս խաղացողները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան