Մելանյա Ստեփանյան. Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել
Տալլինում (Էստոնիա) վերջերս անցկացվել է Tallinn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ազգային հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրել է ութերորդ տեղը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնել է, որ գոհ է արդյունքներից: Մրցաշարը վարկանիշային էր և բավականին ուժեղ կազմ էր հավաքել:
Հաջորդ շաբաթվա սկզբին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը կմեկնի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ դեկտեմբերի 6-ից 9-ը կանցկացվի Golden Spin of Zagreb միջազգային վարկանիշային մրցաշարը: Բոլոր այս մրցաշարերը մտնում են միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ:
«Անաստանիա Գալուստյանն այժմ Մոսկվայում է: Նա թեթև վնասվածք ունի և մարզվում է մեղմ ռեժիմով: Մոտակա երկու մրցումները նա բաց կթողնի: Նաստյան շարունակում է պահպանել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում առաջին պահեստայինի կարգավիճակը:
Թինան և Սիմոնը հնարավորություն ունեն մեկնելու Փհենչհան: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: Զինվենք համբերությամբ և սպասենք: Ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում»,-ասաց Մելանյա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձևի 15 մրցաձևում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»: