Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու քաղաքական գինն էապես մեծանում է. Ռ. Մեհրաբյան
ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռում է տեղի ունենում: Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմաբան Էդիկ Մինասյանը նշեց, որ առաջին անգամ անկախության պայմաններում հնարավորություն է ստեղծվել երկու խոշոր կառույցների հետ հարաբերություն հաստատել, և դրանից պետք է օգտվել կարողանալ: Այս համագործակցությունն, ըստ Մինասյանի, նախ՝ եվրոպական արժեքների քաղաքակրթության հետ անմիջական շփում է տալիս, սերտ համագործակցություն, տեխնիկական, տնտեսական աջակցություն:
Պատմաբանը կարևորեց ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացումը: Հայաստանի տնտեսական զարգացման լայն հեռանկարների տեսանկյունից՝ նա կարևորեց նոր շուկայի բացվելը, և առևտրական նոր կապերի հաստատումը, վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև ԼՂ անվտանգության հարցում լրացուցիչ երաշխիքների ի հայտ գալը:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ այս համաձայնագիրը Հայաստանի համար պատմական նշանակություն ունի. «Սա մեր անկախության հռչակագրից և Հայաստանի՝ որպես անկախ պետության միջազգային ճանաչումից հետո իր նշանակությամբ երևի թե կարևորագույն փաստաթուղթն է մեր անկախության տարիների ընթացքում: ԵՄ անդամ 28 պետությունները ֆիքսում են փոխադարձ պարտավորություններ մեկը մյուսի նկատմամբ, դիրքորոշումներ, հավատարմություն արժեքներին, և այդ ամենը ստանում է իրավաբանական ուժ»։
Մեհրաբյանի խոսքով՝ համաձայնագրի շնորհիվ այս ընթացքում Ադրբեջանի տարած ագրեսիվ, առավելապաշտական քաղաքականությունն ուղղակի արգելափակվեց եվրոպական դիվանագիտության կողմից, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը մարգինալացվեց: Մեհրաբյանը կարևորեց, որ Հայաստանն այլևս պարտավորվել է զարգանալ՝ ելնելով միայն և բացառապես եվրոպական ստանդարտներից:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եվրոպական քաղաքակրթության հաղորդիչի դերն է ստանձնում տարածաշրջանում: Նա պատահական չհամարեց ստորագրումից հետո Իրանի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցը: Մեհրաբյանի կարծիքով՝ Իրանին խիստ հետաքրքրում է, թե ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի առաջ, որից ինքը կարող է օգտվել: Սա, ըստ քաղաքագետի, բխում է երկու երկրների շահերից:
Բանախոսները համոզված են՝ համաձայնագիրը ԼՂ հարցում անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է տալիս:
Ըստ Մեհրաբյանի՝ եթե, ասենք, Ադրբեջանը ցանկանա նոր պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ, ապա դրա քաղաքական գինն էապես մեծանում է:
«Ադրբեջանն ուղղակի կարող է այդ քայլին դիմելուց հետո հայտնվել միջազգային մեկուսացման մեջ: Այսօր Հայաստանի կողմից է Եվրոպայի հասարակական կարծիքը, իսկ որ Եվրոպայում այն չափազանց բարձր կարևորություն ունի, պետք չէ թերագնահատել, քաղաքական գործիչներն այնտեղ հաջողության են հասնում հենց քաղաքացիների տված քվեներով»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին