Կցանկանայի շատ պատգամավորներ տեսնել այս լսումներին. Արծվիկ Մինասյան
«Հայաստանի Հանրապետությունը կարելի է իր ողջ տարածքով հռչակել հատուկ պահպանվող տարածք»,- խորհրդարանում անցկացվող «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով այսօր անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Պատգամավորի խոսքով՝ խնդրի լուծման համար օրենքի բացակայության պարագայում էլ շատ հարցեր լուծել և պետք չէ սպասել օրենքի ընդունմանը՝ բարեփոխումների համար։
«Դուրս է գալիս՝ հատուկ տարածքների պահպանության համար միայն «Ծառուկյան» հիմնադրամն է ներդրումներ անում և արտաքին օգնություններն են: Բա մե՞նք ինչ ենք անում: Ես հասկացա, որ պետբյուջեն բնության պահպանման համար ծախսեր չի անում»,- զարմացավ պատգամավորը:
ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյան իր ելույթում նշեց, որ լսումներ անցկացնելը շատ լավ է, բայց մարդիկ սպասում են, թե ի՞նչ լինելու լսումներից հետո, ինչպես են խնդիրները լուծվելու:
«Շատ լավ կլիներ, որ այս լսումներին խորհրդարանի իշխանական փոխնախագահները ևս մասնկացեին: Լսումները շատ կարևոր են, բայց կարևորը սրանից հետ պետք է պահանջատեր լինել»,- դիմելով ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ասաց Մելքումյանը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ևս իր ելույթում նշեց, որ կցանկանար շատ պատգամավորներ տեսնել այս լսումներին. «Ցանկացած հարցադրում, երբ հնչեցնում ես բարձր ամբիոնից, նաև հետևանք է ունենում, և չափազանց կարևոր է՝ ներկա լինեն մարդիկ, հարցադրումներ հնչեցնեն և պատասխաններին էլ հետևողական լինեն»։
Ինչ վերաբերում է բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորմանը, ապա նախարարը նշեց, որ ամենամեծ ֆինանսավորողը ՀՀ պետական բյուջեն է։
«Յոթ հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորման համար 2017 թվականին տրամադրված 1,5 մլրդ դրամի 800 մլն-ը պետական բյուջեն է տրամադրել, 400 մլն-ի կարգի սեփական եկամուտներն են կազմում և 280 մլն՝ Կովկասի բնության հիմնադրամը։ Մեր խնդիրը հենց այն է, որպեսզի ստեղծենք մի այնպիսի մեխանիզմ, որ հարթակ, որը թույլ կտա հասարակությանն էլ թե կատարվող ներդրումները, թե գնահատելու արված աշխատանքը»,- հայտնեց Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ հանրությանը, հասարակությանը դեպի բնություն բերելու ու դրա արժեքը գիտակցելու խնդիր կա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան