ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու առաջարկը արհեստական օրակարգ է. Շարմազանով
«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, ավելին, մենք շարունակելու ենք խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով` Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ-ում. «Ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեզ համար էական նշանակություն ունի, դա 180 մլն-անոց շուկա է: Այսինքն` ՌԴ-ն մեր թիվ մեկ դաշնակիցն է, և մենք շարունակելու ենք Ռուսաստանի հետ խորացնել մեր հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ հնարավոր ուղղություններով»:
Մյուս կողմից, ըստ նրա, առանցքում ունենալով պետական և ազգային շահը, պետք է համագործակցել և զարգացնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի հետ, ինչ արդեն առկա է ստորագրված համաձայնագրում:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ կասեն հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից, ՀՀ-ն շարունակելու է իրականացնել արտաքին քաղաքականություն, որն առաջին հերթին բխում է պետական և ազգային շահերից:
Անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկին` սկսել գործընթաց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, ՀՀԿ խոսնակն ասաց, որ Հայաստանում բազմակուսակցական համակարգը և բազմակարծությունը պաշտպանված է օրենքով, և պետք չէ զարմանալ, որ շատ քաղաքական ուժերի տեսակետները չեն համընկնում իշխող ուժի տեսակետների հետ. «Այլ հարց է` համամիտ եմ, թե ոչ: ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու առաջարկը արհեստական օրակարգ է: Եղան լսումներ, «Ելք»-ի գործընկերները ներկայացրին իրենց կարծիքը, մենք մերը, բայց մի բան հստակ է, որ Հայաստանը պետք է շարունակի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որովհետև դա բխում է մեր շահերից»։
Ըստ Էդուարդ Շարմազանովի`առնվազն աբսուրդ կլիներ, որ մի պետություն հնարավորություն ունենար առևտուր անել 150 միլիոնանոց շուկայում, ու չաներ, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեր երկրին տվել է այդ հնարավորությունը: «Արդյոք մենք կարողացել ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, դա այլ հարց է։ Բայց ԵԱՏՄ-ն լքելը չի բխում մեր շահերից»,- ասել է ընդգծեց նա: