Երևանը Մոնթեի անունը կրող ճանապարհահատված կունենա
Մայրաքաղաքի՝ Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի՝ ի պատիվ Մոնթե Մելքոնյանի: Նման որոշում է ընդունվել Երևանի ավագանու՝ նոյեմբերի 29-ի նիստում: Այս անվանակոչումը Ավագանու երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և Ելքի առաջարկի և քննարկումների արդյունքն է: ՀՀԿ խմբակցությունից պարզաբանեցին, որ նախկինում այս անվանակոչումը տեղի չի ունեցել, քանի որ հարցի լուծումը ձգձգվել է ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մանրամասնեց՝ այս հարցը քննարկվել է ավելի քան մեկ տարի, խնդիրներ կային, որոնք վերաբերում էին փողոցի հարակից հողակտորների կառուցապատմանը: Քաղաքապետը նշեց, որ հետագայում ճարտարապետների հետ միասին պետք է քննարկեն փողոցի թույլատրելի հատվածում կառուցապատման հարցը: Նրա խոսքով՝ այդ հողը պետք է այնպիսի կառույցներով ծանրաբեռնել, որ փողոցին և այդ անվանը վայել լինի:
«Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետին հիշեցրեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ, երբ կառուցապատողն ու կոնկրետ պատճառները հայտնի էին, ՀՀԿ-ն դեմ քվեարկեց «Ելք»-ի առաջարկին: Բախշյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է փոխվել այսօր, որ կողմ են քվեարկում: «Եթե Դուք նայում և ուսումնասիրում եք, նաև գիտեք, որ մեկ տարի շարունակ մենք այս հարցը քննարկում ենք: Մենք ընդամենը առաջարկել էինք միասին քննարկել, դուք առանձին հանդես եկաք, իսկ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց, քանի որ մեզ մոտ քննարկումը չէր ավարտվել»,- ասաց Մարգարյանը:
Նա նշեց, որ աշխատանքային խումբ կար, ովքեր վերջին մեկուկես տարում քննարկում էին փողոցների անվանակոչության հարցերը: Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ կառուցապատողները հայտնի չեն, այդ հատվածում կան թե համայնքային, թե սեփականացված հողեր, և պետք է հասկանալ՝ ինչ կառույցներ պիտի լինեն այդտեղ:
Նախագծին դեմ քվեարկեց միայն մեկ խմբակցություն՝ «Երկիր ծիրանին»: Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորեցին նրանով, որ դեմ են Մոնթե Մելքոնյանի անունով ծայրամասային փողոցն անվանակոչելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան