Իբրև բողոքի նշան՝ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը
Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ։ ԱԺ հանրայինհանրային կապերի վարչությունից ներկայացնում են հայտարարությունն ամբողջությամբ։
«ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երևույթի ականատես եղանք:
Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել և ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրև վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների և ընդհանուր կառույցի հանդեպ:
ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, և մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների և էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի և դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրև բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը:
Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:
ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը և վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից և ավանդույթներից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան