ՍԾՏՀ վեհաժողովը լքած հայկական պատվիրակությունը դեռ որոշում է իր հետագա քայլերը
Կիևի Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որ լքել էր այն, հիմա քննարկում է հետագա քայլերը՝ կապված այդ միջադեպի հետ: Panorama.am-ը դիմեց Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանին՝ կատարվածի մասին մանրամասներ իմանալու ակնկալիքով
Գորգիսյանը պատմեց, որ առավոտյան տեղի է ունեցել համաժողովի բացումը, ելույթ է ունեցել նախագահողը, որից հետո սուրճի ընդմիջում է հայտարարվել: Դրանից հետո աշխատանքները պետք է շարունակվեին, սակայն սուրճի ընդմիջման ավարտին նախագահող երկրի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը և համաժողովի քարտուղարության՝ ադրբեջանցի ղեկավարը համաժողովի մասնակից բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել են «գաղտնի» քննարկման:
Այնտեղ մշակել և հետո ներկայացրել են մի առաջարկ՝ կառույցի 25-ամյակին նվիրված հռչակագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որտեղ հղում էր կատարվում միջազգային իրավունքներին: Հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:
Գորգիսյանը նշեց, որ բացի կանոնակարգի խախտումից, քանի որ սուրճի ընդմիջումից անմիջապես հետո քննարկում պիտի լիներ, մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո բերել են փաստաթուղթ, որը նախապես որևէ մեկին չի բաժանվել և զուտ այդ գաղտնի քննարկման արդյունքում է ձևավորվել:
Հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը ելույթ է ունեցել, հայտարարել, որ անթույլատրելի է այս աշխատելաոճը, այս կառույցի 25 տարվա գործունեության ընթացքում երբեք նման բան չի եղել, որ պատվիրակությանն ուղղակի չհրավիրեն նման քննարկումների, քանի որ սա խորհրդարանական բաց քննարկումների հարթակ է և այն նախատեսված է տնտեսական հարցերի քննարկման համար: Այնինչ ամբողջությամբ ընդունված այդ փաստաթուղթը հակասում է կառույցի գործունեության ոգուն ու նպատակներին, իսկ այս երևույթը բացարձակ անընդունելի է ոչ միայն հայկական պատվիրակության, այլև կառույցի բոլոր անդամների համար:
Հայկական պատվիրակության՝ դահլիճից դուրս գալուց հետո գրեթե բոլոր պատվիրակություններից մոտեցել են քարտուղարության՝ ՀՀ ներկայացուցչին, ասել, որ իրենց համար էլ էր անընդունելի այս մոտեցումը: Գորգիսյանն ընդգծեց, սակայն՝ քարտուղարության ներկայացուցիչը պաշտոնապես ՀՀ ներկայացուցիչ չէ, նա քարտուղարության աշխատակից է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան