2018թ. ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշերը
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձեւի 15 մրցաձեւում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»:
ՀԱՕԿ լրատվականը ներկայացնում է Փհենչհան-2018-ի խորհրդանիշերը.
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տարբերանշանն (լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին բաղաձայնը: Տարբերանշանն առաջին հերթին խորհրդանշում է երկնքի, երկրի և մարդկության ներդաշնակությունը, ապա ձյունն ու սառույցը, ինչպես նաև մարզիկների աստղային ելույթները:
Փհենչհան-2018-ի թալիսմանը ստեղծելիս ոգեշնչվել են սպիտակ վագրով, որն այդ երկրի խորհրդանիշն է: Թալիսմանի անունը Սուհորան է (Soohorang): «Sooho» կորեերեն նշանակում է պաշտպանություն, «Rang»՝ վագր: Սուհորանն ունի մարտական ոգի և վստահելի ընկեր է, որը կպաշտպանի մարզիկներին, երկրպագուներին ու բոլոր մասնակիցներին: Սպիտակ վագրը եղել է նաև Սեուլի օլիմպիական խաղերի թալիսմանը:
2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները կշռում են 493-586 գրամ և արտացոլում են հարավկորեական ավանդույթներն ու մշակույթը: Մեդալների դիզայնը ծառի կոճղերի հյուսվածքների տեսքով է, որի առջևում պատկերված են օլիմպիական օղակները, իսկ հետևում՝ Փհենչհան-2018-ի լոգոն: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 259 մեդալ:
Փհենչհան 2018-ի ջահը 700 մմ երկարություն ունի, որը ներկայացնում է այդ քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից (700 մ): Ջահի հիմնական գույներն են սպիտակն ու ոսկեգույնը: Ջահի վերին հատվածի հինգ անկյունները խորհդանշում են սպորտի ոգին, որը միավորում է բոլոր ռասաները, ազգերը, կրոնները, գենդերները և մշակույթները: Ինչպես նաև այն խորհրդանշում է օլիմպիական ընտանիքի հինգ մայրցամաքները:
Հարակից հրապարակումներ`
- 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի ընդամենը 31 տոկոսն է վաճառվել
- Հունաստանում վառել են 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը