Եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ հաջողակ բիզնեսմեն է, չպետք է հեռուն գնացող հետևություններ անել. Դավիթ Հարությունյան
«Հասկանում եմ, որ կա հանրային բացասական ընկալում՝ հատկապես հաշվի առնելով տնտեսական զարգացումը, բայց չեմ կարող միանշանակ համաձայնել այն հանգամանքի հետ, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ զբաղվում է բիզնեսով և հաջողակ բիզնեսմեն է, ապա անմիջապես պետք է հեռուն գնացող հետևություններ անենք»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է միշտ անպատասխան մնում հարցը, որ բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվան հետ են կապվում տարբեր բիզնես նախագծեր, նրանց երեխաները տարբեր բիզնեսներ ունեն, մյուս կողմից էլ պետական այրերը շարունակ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
Նրա խոսքով՝ այն, որ պաշտոնյայի ընտանիքի մերձավոր կամ ամենանեղ շրջանակը ևս դարձել է գույքի եկամուտների հայտարարատու, կոռուպցիայի դեմ իրականացվող քայլերից մեկն է։
«Այսինքն՝ ոչ միայն բարձրաստիճան անձը, այլ նաև նրա կինը, երեխաները ևս պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր: Սա է պայքարելու հիմնական գործիքը: Այստեղ հեծանիվ հորինել պետք չէ, ուղղակի պետք է վերցնել զարգացած գործիքները և այն գործադրել: Վտանգավոր է հորինել գործիքներ, որոնք մերժված են ամբողջ աշխարհում: Այս առումով, մեր կողմից ձեռնարկվող քայլերը ունեն կանխարգելիչ նշանակություն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նաև ընդգծեց՝ հաշվի առնելով այն, որ հնարավոր է նման բիզնեսներն առնչություն ունենան պետական ծառայությունների հետ, կառավարությունը ներմուծում է շահերի հայտարարագրման ինստիտուտ, քանի որ հնարավոր է հանդիպել այնպիսի երևույթի, որը կոչվում է շահերի բախում: