Բուհերի ողջ ներուժը պետք է օգտագործվի` կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն ցուցաբերելու համար. Սվիտալսկի
««Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը շատ գործունակ է և գրեթե մեր բոլոր ուսումնական հաստատություններում արդեն հստակ աշխատում են բարեվարքության կանոնները»,- այսօր ծրագրի արդյունքներն ամփոփող համաժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նշենք, որ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2015 թվականից։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից։
Նախարարի խոսքով՝ շատ հստակ թափանցիկ մեխանիզմներ են ներդրվել, որտեղ շատ կարևոր գաղափակ կա, որ համալսարանի գործուներության հասանելիությունը ոչ միայն ուսանողի ու դասախոսի համար է, այլև հասարակության համար ևս։
«Իսկապես մեր համալասարաններում երեք տարվա մեջ այս ուղղությամբ որակական փոփոխություն և ռիսկերի նվազում ունենք, ինչպես նաև հստակ աշխատանքի ոճ՝ դեկանատների աշխատանքն է լավացել, ուսանողները գիտեն ինչպես և ինչ պահանջեն։ Ծրագիրը լավն է և օգտակար։ Կոռուպցիայի դեմ պայքարը բազմաբովանդակ է՝ սկսած աշխատավարձերի և հաստիքների հստակեցումից և բարձրացումից, մինչև քննությունների, դիպլոմային աշխատանքների, կուրսայինների և նմանատիպ գործընթացների ավելի հրապարակային և գիտական կազմակերպմամբ»,- նշեց Լևոն Մկրտչյանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս ծրագիրը ՀՀ-ում շոշափելի արդյունքների է բերել:
«Բուհական համակարգում կոռուպցիայի հետ կապված բոլոր դեպքերի հետաքննումը, ուսումնասիրումը չափազանց կարևոր է։ Կրթական հաստատությունների ողջ ներուժը պետք է օգտագործվի, որպեսզի զրոյական հանդուրժողականություն ցուցաբերվի կոռուպցիայի նկատմամբ։ Հայաստանում գործում է վերջերս ընդունված բավականին լավ բարձրորակ օրենսդրություն, կա նաև քաղաքական էլիտայի շրջանակում բավարար չափի վճռականություն, հուսով ենք, որ այս ամենին գումարած հանրային մտածելակերպը, դիրքորոշումները կարող են բերել այն հաջողությանը, որին ձգտում ենք»,- ասաց Սվիտալսկին։
Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները ներառում են հանրային իրազեկման ռազմավարության մշակման նախաձեռնություններ, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման քարոզարշավներ և կրթության ոլորտում խարդախությունների բացահայտմանն ուղղված քաղաքականության առաջարկներ։
Այս ընթացքում վերապատրաստման մի շարք դասընթացներ և իրազեկող միջոցառումներ են կազմակերպվել համալսարանների կառավարման օղակների և ակադեմիական անձնակազմերի համար՝ տիպային էթիկայի կանոնագրքի ստեղծման, կոռուպցիայի, կաշառակերության և բարեվարքության կանոնակարգմանն ուղղված կանոնների մշակման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հ.Աբրահամյան. Հայաստանի համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարումը
- «Կոռուպցիայի նվազեցումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում դժվար է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան