Մինսկում նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, մայրաքաղաք Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները կքննարկեն ՀԱՊԿ հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների ողջ համալիրը:
Կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում են նաև միջազգային իրավիճակի զարգացման միտումների, միջազգային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ քննարկումները, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը և կազմակերպության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև քարտուղարության և ՀԱՊԿ միասնական շտաբի կառուցվածքի, շտաբում զինծառայողների պաշտոնների քվոտայով բաշխման, 2018թ. ՀԱՊԿ բյուջեի ընդունման վերաբերյալ հարցերը:
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 25-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիրը, ինչպես նաև ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցությանն ու անօրինական միգրացիային հակազդելու միջոցների կատարելագործմանն առնչվող համապատասխան փաստաթղթեր:
Նախագահների քննարկմանն ու հաստատմանը կներկայացվի նաև «Մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ծրագրի մասին» որոշման նախագիծը:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնող երկրի` Ղազախստանի նախագահը խորհրդի անդամներին կներկայացնի կազմակերպությունում իր երկրի նախագահության ժամանակահատվածում առաջնայնությունները:
Նախագահները կլսեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը 2016-2017թթ. կազմակերպության գործունեության և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նիստի որոշումների իրականացման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն
- Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ
- Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան