Մաքսային մարմիններում և որոշ առևտրային բանկերում տոնական օրերին կսահմանվի հերթապահություն
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանել:
Ըստ նրա՝ իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը:
«Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկում եմ Կենտրոնական բանկի նախագահին, դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում