1,5 մլրդ դրամ՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրի համար
Կառավարության որոշմամբ վերաբաշխումներ կկատարվեն 2017թ. պետական բյուջեում` զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովման հարցը լուծելու նպատակով:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը, բնակարանային ապահովման գծով կատարվում են վերաբաշխումներ` զոհված զինծառայողների ընտանիքների ու հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված միջոցները` բնակարանների գնմանը և բնակարանի վկայագրերի տրամադրմանն ուղղելու նպատակով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ որոշման նախագիծը համաձայնեցվել է Ֆինանսների նախարարության հետ, ինչպես նաև հավանության է արժանացել Ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում:
Որոշման նախագծի համաձայն՝ զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով կհատկացվի 1,5 մլրդ դրամ: Մասնավորապես, հատկացումների շրջանակում նախատեսում է Երևան քաղաքում իրականացնել 974 մլն 724 հազ. դրամ արժեքով 76 բնակարանների ձեռքբերում և 525 մլն 276 հազ. դրամ արժեքով 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով ՀՀ մարզերում բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2 տոկոսին:
Հարակից հրապարակումներ`
- 498 մլն դրամ` զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար
- ՊՆ. Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը` հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում