Տիգրան Թորոսյան. Համաձայնագիրը վերաբերում է ոչ միայն ինտեգրմանը, այլև ներքաղաքական կյանքին
«Համաձայնագիրն աննախադեպ է Հայաստանի համար թե իր ընդգրկումով, թե իր իրական հնարավորություններով»: Այսօր հայտարարեց «Հեռանկարային ուսումնասիրություններ և նախաձեռնություններ» կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքագետ Տիգրան Թորոսյանը «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Քաղաքագետն այն չափազանց կարևորեց նաև հետխորհրդային տրանսֆորմացիայի շրջանակում, ասաց, որ անցած քառորդ դարի ընթացքում մոտ երկու տասնյակ երկրներում սա միակ դեպքն է, երբ ինտեգրում է տեղի ունենում միաժամանակ երկու ուղղություններով:
«Սա իհարկե տալիս է շատ լայն հնարավորություններ, բայց միաժամանակ առաջադրում է չափազանց լուրջ մարտահրավերներ: Ներկայիս խիստ լարված աշխարհաքաղաքական մրցակցությունը, մեկ ուղղությամբ կատարվող քայլերի նախագծման ու իրականացման ընթացքում մյուս ուղղությամբ ձևավորվող սահմանափակումների հաղթահարումը և այլն: Մարտահրավերները բազմաթիվ են»,-իր ելույթում ասաց Տ. Թորոսյանը:
Քաղաքագետը նշեց, որ այդ առումով համաձայնագիրը կարող է մնալ որպես լավագույն հնարավորությունների մի փաստաթուղթ, եթե շատ լուրջ քայլեր չարվեն այդ խնդիրներն իրականացնելու համար:
«Սա վերաբերում է ոչ միայն մարտահրավերների հաղթահարմանը, սա թերևս ամենահեշտ խնդիրն է, շատ ավելի բարդ է իրականացնել այն կարևոր նպատակները, որոնք արձանագրված են փաստաթղթում»,-ասաց բանախոսը:
Կենտրոնի ներկայացուցիչը կարևորեց, որ փաստաթուղթն արձանագրում է՝ նպատակների իրագործման հիմքն ընդհանուր արժեքներն են:
«Սա մեր խնդիրներից մեկը՝ արժեհամակարգի վերանայումը դարձնում է ավելի արդիական: Մյուս կողմից փաստաթղթում ընդգծվում է, որ հիմքերից մեկը ընդհանուր հետաքրքրություններն են: Հայաստանում պետք է մեծ ջանքներ գործադրվեն, որպեսզի մեր հետաքրքրություններն ու շահերն ամբողջությամբ դառնան ԵՄ հետաքրքրությունների ու շահերի շրջանակում գտնվող խնդիրներ: Այս փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն ինտեգրմանը, այլև մեր ներքին կյանքին, հատկապես քաղաքական կյանքին»,-ասաց նա:
Թորոսյանը հիշեցրեց, որ ժողովրդավարությունը միայն փաստաթղթերի առկայությունը չէ, ճիշտ հակառակը, կայացած ժողովրդավարությունը ենթադրում է երեք ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ՝ օրենսդրական, արժեքային և վարքային:
«Բոլոր երեք ուղղություններով մենք չափազանց մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ ամենը դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնության մոտեցում»,-ասաց նա:
Նա մատնանշեց հայաստանյան հիմնախնդիրները՝ քաղաքական համակարգի առանցքային արդիականացում, ինչը նշանակում է բազմակուսակցական համակարգի կայացում, մյուս հիմնախնդիրը կրթության ու գիտության արմատական բարեփոխումն է: Նրա խոսքով, երկուսն էլ համակարգաստեղծ նշանակություն ունեն:
Թորոսյանը կարևորեց նաև փաստաթղթում ԼՂ խնդրի հետ կապված ձևակերպումը. «Սկզբունքներն իհարկե հայտնի են, բայց կարևոր է ԵՄ հանձնառությունը խնդիրն այդ սկզբունքների շրջանակում լուծելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին