Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում էր. Վաչե Գաբրիելյան
Եթե թերթենք մեր պատմությունը, Հայաստանը և Եվրոպան կապող բազմաթիվ էջեր կտեսնենք։ Այժմ ցանկանում ենք ստեղծել մեր փոխհարաբերությունների նոր ժամանակակից պատմություն՝ ուղղված ապագային։ Առկա են դրա ցանկությունը, ներուժը հնարավորությունները, ինչպես նաև քաղաքական կամքը։ «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Սակայն մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել որևէ այլ երկրի հետ համագործակցության հաշվին։ Հայաստանը երբևէ չի առաջնորդվել իր բարեկամների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով։ Հակառակը, մենք մշտապես ձգտել ենք համադրել այդ շահերը»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ խորհրդարանի խոսնակն այն եզակի որակեց. «Ստորագրված համաձայնագիրը լուրջ հիմք է ամրապնդելու քաղաքական երկխոսությունը և շարունակելու տնտեսական բարեփոխումները, ստեղծելու ժողովրդավարության հայ-եվրոպական միասնական տարածք։ Մենք միմյանց տալու շատ բան ունենք»։
Լսումներին ներկա ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն իր հերթին նկատեց, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում էր՝ ուղղված Հայաստանի և ԵՄ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը։
«Փաստաթուղթը պարունակում է իրապես համատեղելիություն Հայաստանի բոլոր պարտավորությունների հետ և հնարավորություն է տալիս զարգացնել հարաբերութունները թե ԵԱՏՄ շրջանակներում, թե Եվրոպայի հետ։ Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը կարևոր է նաև միջազգային տեսակետից՝ համագործակցության նոր ձևաչափեր փնտրելու և գտնելու տեսանկյունից»,- ասաց նա։
ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարայանն էլ շեշտեց, որ ԵՄ-ն Հայաստանի քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկն է. «Այսօր հիրավի ստացել ենք հավակնոտ մի համաձայնագիր, որի իրականացումը կարևորագույն քայլ կհանդիսանա։ Ստորագրված համաձայնագիրը բոլորիս հաջողությունն է, նպատակաուղղված աշխատանքի արդյունք»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Թորոսյան. Համաձայնագիրը վերաբերում է ոչ միայն ինտեգրմանը, այլև ներքաղաքական կյանքին
- Հայաստանի քաղաքական օրակարգը վաղուց գծային չէ. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան