Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ և պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:
«Մենք չափազանց ոգևորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին և պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը: Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձն ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները և օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան», - աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Դեսպան Սամանթա Փաուերը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչը։ Որպես Նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ նա արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի մասնագետներից մեկն է դարձել: Մինչ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական և Բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Նրա ուշադրության կենտրոնում են եղել բռնությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց և կանանց իրավունքները, ինչպես նաև կրոնական ազատությունների պաշտպանությունը: Փաուերը հեղինակել է «Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարաշրջանը» գիրքը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» և Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, և ունեն կամք կուտակելու և պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»,- նշել է նա։
Դեսպանը միանում է «Ավրորա» մրցանակի ներկայիս Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրող հանձնաժողովը կքննարկի 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները
- Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին
- 750 առաջադրում՝ 2018թ. «Ավրորա» մրցանակին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին