ԱՆ. Վերջին տասը տարում կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի դեպք չի արձանագրվել
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մենք շարունակաբար հաջողություններ ենք արձանագրում»,- ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ հղած ուղերձում նշել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նա ընդգծել է, որ օրվա խորհուրդը պարտադրում է շեշտադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին մարդկանց իրազեկվածության բարձրացման, վարակի կանխարգելման և արդյունավետ բուժման հարցերը:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2016թ. ստորագրված Հռչակագիրը մեր առջև խնդիր է դրել մինչև 2020 թվականը հասնել 90-90-90 նպատակներին», - ասվում է ուղերձում։ Դա ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդանց 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90%-ը պետք է ստանա բուժում և բուժվողների 90%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։
Օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշվել է, որ ՌԴ կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված երկու շարժական կլինիկաները զգալիորեն նպաստել են հատկապես աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիության մեծացմանը:
«Ռուսաստանը ձգտում է այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը` առաջնահերթ նշանակություն տալով երկրի առողջապահության քաղաքականության իրականացմանը», - նշել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառման ավարտին ներկաներին առաջարկվել է անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություն Կենտրոնի բակում կայանած շարժական կլինիկայում: Իվան Վոլինկինը, Դավիթ Մելիք-Նուբարյանը, միջոցառման բազմաթիվ աշխատակիցներ հետազոտվել են` իրենց օրինակով խրախուսելով հանրությանը:
ԱՆ-ից հայտնում են, որ հանրապետությունում ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտների համար հասանելի է հակառետրովիրուսային բուժումը։ Երկրում, հատկապես` հեռավոր գյուղական և քաղաքային բնակավայրերում, զգալիորեն մեծացել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիությունը։ Ամենուր տրամադրվում են որակյալ ինտեգրված ծառայություններ։ Մոնիտորինգի և գնահատման գործող ազգային համակարգը հնարավորություն է տալիս մշտական հսկողության տակ պահել այս գործընթացների արդյունավետությունը։
Կարևորագույն ձեռքբերում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը, ինչը վավերացվել է Առողջահության համաշխարհային կազմակերպության կողմից: Հայաստանում 2007թ.-ից ի վեր, կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել: Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրների թվում առաջինն է արժանացել նման բարձր գնահատականի։
2017թ. ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում ՁԻԱՀ-ի կենտրոնը հաղթող է ճանաչվել և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով գավաթի և հավաստագրի։
Հարակից հրապարակումներ`
- ՁԻԱՀ-ի բուժման գործում նկատելի առաջընթաց կա
- Բարձր է գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում Հայաստանի ձեռքբերումները