Սիրիահայ երիտասարդները Կանադայում սափրել են գլուխները՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար
Կանադայի Մոնրեալ քաղաքի Սուրբ Հակոբ վարժարանի վեց աշակերտներ` Փաթիլը, Սիլվին, Ալիկը, Թալինեն, Արթուրն ու Մկրտիչը սափրել են իրենց գլուխները՝ այդպիսով աջակցություն հայտնելով քաղցկեղով տառապող հիվանդներին:
Կանադական պարբերականի փոխանցմամբ, նրանք պատրաստակամություն են հայտնել իրենց մազերը տրամադրել Cedars Cancer Foundation-ին, ով աջակցում է հիվանդներին: Հիվանդության հետևանքով իրենց մազերը կորցրած երեխաների համար հայ աշակերտների մազերից պետք է կեղծամներ պատրաստեն:
Պարբերականը ներկայացնում է երեխաներից երկուսի պատմությունը: Մկրտիչ Տերտերյանը երեք տարի առաջ Հալեպում դպրոց էր գնում: Այստեղ պայթյունների ձայնը խլացնում էր դպրոցական զանգի հնչյունները: Մարդիկ սովորում էին պատերազմի հետևանքներին՝ ջուր չկար, լույս չկար: Նրանք անգամ սկսեցին սովորել պայթյունների ձայնին:
«Սկզբում շատ դժվար էր»,-պատմել է 17-ամյա Մկրտիչը. նիհար ու զուսպ տղան՝ մեծ, շագանակագույն աչքերով և նոր աճող բեղերով: - «Բայց վերջում պայթյուններից կես ժամ հետո սրճարաններն էլի լի էին մարդկանցով, այնքան սովորական էր դարձել»:
Արթուրի ընտանիքն էլ 2012-ին Սիրիայից Հայաստան է մեկնել: Երբ Հալեպում բռնությունները սրացան, նրա մորեղբայրը նրանց գրեց՝ չվերադառնաք: Մեկ տարի՝ Հայաստանում, երկու տարի՝ Լիբանանում, իսկ 2015-ին արդեն՝ Կանադայում:
«Նրանք էլ չեն տեսել իրենց տներն ու ընկերներին: Ամեն ինչ թողել են այնտեղ, նույնիսկ մեկ տասնամյակի ընթացքում Արթուրի հոր կառուցած թանկարժեք մետաղների գործարանը: Այն այլևս տանիք չունի»,-գրում է պարբերականը:
Արթուրի և Մկրտիչի՝ գլուխ սափրելը խորհրդանշում է նոր երկրում նրանց հաջող ինտեգրումը: Նրանց ցանկանում են վճարել իրենց լավ ողջունելու համար, օգնել կարիքի մեջ գտնվողին:
«Սիրիայում ես չկարողացա օգնել, բավականաչափ հասուն չէի: Մարդիկ իրենց արյունն էին տալիս պատերազմից տուժածներին օգնելու համար: Հիմա ես օգնելու հնարավորություն ունեմ: Դա շատ կարևոր է ինձ համար»,-ասել է Մկրտիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում