Հրաձիգները մրցում են ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում
Այսօր մեկնարկել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը։ Շուրջ 75 հրաձիգներ կմրցեն չորս մրցաձևում՝ օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան, վազող թիրախ՝ նորմալ վազք, վազող թիրախ՝ խառը վազք։
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ մրցաշարն անցկացվում է վեցերորդ անգամ, ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Արթուր Հովհաննիսյանը հրաձիգներին հորդորեց ավելի լուրջ մոտենալ մարզումներին և մրցումներին:
«Ցավով եմ նշում, բայց երեք տարի առաջ մենք ավելի ամուր դիրքերում էինք։ Այժմ անկում ենք ապրում։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը, մարզիչները, թե մարզիկները։ Իմ դժգոհությունները հայտնել եմ մարզիչներին։ Աշխատանք կատարվում է, բայց ինչ-ինչ պատճառներով արդյունքը չի երևում։ Հարգելի´ մարզիկներ, մի ընկեք ձեզ ցույց տալու հետևից։ Արեք այն, ինչ գիտեք, ինչի համար մարզվում եք։ Այդ դեպքում կհասնեք արդյունքի»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է ֆեդերացիայի նախագաը։
Սա ընթացիկ տարվա վերջին մրցաշարն է, որի արդյունքներով կձևավորվեն տարիքային հավաքականները։ Հայ հրաձիգները հունվարի վերջին կմասնակցեն Մյունխենի միջազգային մրցաշարին։ Հետո կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:
«Մի քանի մարզիկներ իրենց կատարած աշխատանքով ապահովել են տեղը հավաքականում։ Մյուսները պետք է պայքարեն, լավ արդյունքներ գրանցեն։ Ես հավատում եմ նրանց»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։
Ֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթողները կստանան պարգևներ, լինելու է նաև ֆեդերացիայի նախագահի հատուկ մրցանակ։ Իսկ գավաթը կստանա մրցաշարի լավագույն հրաձիգը, որին կընտրի մարզչական խորհուրդը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում