Ինչպես սնվել ձմռանը, որպեսզի առողջ լինել ու չգիրանալ
Հայաստանում ագրոպարենային ապրանքների գների վերահսկողության բացակայության պայմաններում ձմռան ամիսներին պտուղ-բանջարեղենը կտրուկ թանկանում է:
«Լոլիկը, պղպեղը, սմբուկը, վարունգը, որ ամռանը կազմում են մեր սննդակարգի հիմնական մասը, որոշ դեպքերում մինչև տասն անգամ թանկանում են»,-Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:
Գների բարձրացման հետևանքով շատերը հրաժարվում են թարմ մրգերից, բանջարեղենից՝ ընտրելով ավելի էժան սննդամթերք, սկսում են իրենց հիմնական կալորիաները ստանալ ալյուրից պատրաստված ուտելիքներից:
«Հայաստանում թռիչքային են ոչ միայն գները, այլև եղանակը: Նաև դրանով պայմանավորված՝ սնունդը ամռան ու ձմռան ամիսներին պետք է տարբեր լինի»,-բացատրում է մասնագետը:
Սննագետն ամռանը 40 աստիճան շոգի ու ցածր խոնավության պայմաններում բոլորին խորհուրդ էր տալիս օգտագործել օրգանիզմը հովացնող մթերքներ, իսկ ձմռան ամիսներին պետք է օգտագործել ածխաջրածներ:
«Այս առումով պետք է զգոն սնվել: Կարելի է դրանք ստանալ պարզ ածխաջրեր պարունակող սննդամթերքներից՝ օրինակ շաքարից, բլիթներից, թխվածքներից, մակարոնից, և կարելի է այն ստանալ ինտեգրալ հատիկներից՝ օրինակ հնդկաձավարից, բրինձից: Վերջիններն առողջության համար ավելի դրական ազդեցություն ունեն»,-ասում է Պիպոյանը:
Ցուրտ ամիսներին, երբ հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է, օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար անհրաժեշտ են սպիտակուցներ ու վիտամիններ՝ վիտամին C, վիտամին A, ֆոլաթթու:
«Վիտամին C-ի լավագույն աղբյուր են պղպեղը, կանաչեղենը, մառոլը, կաղամբը, նարինջը, մանդարինը, արքայանարինջը, խնձորը, բրոկոլին, որն այժմ ավելի էժան է, կոճապղպեղը: Կարելի է օգտագործել թթուներ, որոնք թաղանթանյութ են պարունակում, հիմա տնային տնտեսուհիները սկսել են խորովել ու սառցարանում պահել սմբուկ, դա ևս օգտակար է»,-թվարկում է նա:
Եթե ամռանն աշխատավայրում ընդմիջումների հիմնական ուտելիքը հաց, պանիր, լոլիկ, վարունգ, պղպեղն է, ապա ցուրտ օրերին վերամշակված սնունդը՝ թթվասեր, երշիկ, մեծ քանակությամբ հաց:
«Դրանք հանգեցնում են քաշի ավելացմանը»,-զգուշացնում է սննդագետը:
Ցուրտ օրերին օրգանիզմը տաքացնելու լավագույն միջոցներից մեկը թեյն է, որը հանդիսանում է հակաօքսիդանտ: Սակայն այն էլ ունի խմելու կանոնները:
«Օրը երկու-երեք բաժակ թեյ խմելը խրախուսվում է: Սակայն պետք է հիշել, որ այն օգտակար է առանց շաքարավազի: Հայաստանում մի բաժակ թեյում լցնում են 3-4 գդալ շաքար, 10-12 գրամ է դա կազմում: Դա օրգանիզմի գլիկեմիկ ինդեքսի առումով բավականին բացասական երևույթ է: Բոլորին խորհուրդ կտամ թթու մրգերից ու հատապտուղներից պատրաստված մուրաբաներով ըմպել թեյը՝ ծյորիի, մոշի, հոնի, մոռի: Դրանք էլ են իհարկե շաքար պարունակում, բայց ավելի քիչ»,-մանրամասնում է նա:
Ի դեպ, գլիկեմիկ ինդեքսի առումով նա խորհուրդ է տալիս շատ կոճապղպեղ օգտագործել, իսկ եթե համը տհաճ է, այն կարելի է փոխարինել դարչինով, մեխակով:
Սննդագետը հիշեցնում է, որ թեյը պետք է խմել ուտելուց կես ժամ առաջ կամ մեկ ժամ հետո:
«Սա վերաբերում է բոլոր հեղուկներին: Երբ ուտելուց 30 րոպե առաջ հեղուկ եք օգտագործում, ապա ստամոքսի մի հատված զբաղեցնում եք, ավելի փոքր ծավաով եք սնունդ ընդունում: Իսկ եթե արդեն սնվել եք, ապա պետք է հնարավորություն տալ, որ այն մարսվի»,-նշում է նա:
Քայլելը խրախուսվում է, սակայն հաշվի առնելով Երևանում քայլելու անհարմարությունները, ցեխն ու ոտքն ու ձեռքը կոտրելու մեծ հավականությունը, Պիպոյանը խորհուրդ է տալիս հնարավորություն ունենալու դեպքում մարզասրահ գնալ, իսկ եթե միջոցներ չկան, ապա գոնե տանն ակտիվ շարժվել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում սննդամթերքի վրա սկսել են քիչ ծախսել
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր
- Սննդագետ. Երեխաներին փոքրուց մի սովորեցրեք շաքարին
- Սննդագետ. Ամռանը պետք է ուտել ոչ թե խոզի, այլ ձկան ու բանջարեղենի խորոված
- Ինչպես սնվել ամանորին
- Սնվելու մշակույթը պետք է սովորեցնել դեռ մանկապարտեզից. մասնագետներ